10 մարտի 2009 - 20:35 AMT
Հայ լեռնադահուկորդները հաջող ելույթ են ունեցել միջազգային վարկանիշային մրցույթներում
Հայ լեռնադահուկորդները հաջող ելույթ են ունեցել միջազգային վարկանիշային մրցույթներում, որոնք տեղի ունեցան մարտի 6-10 Լիբանանում: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Հայաստանի Դահուկային սպորտի Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, հայ մարզիկները 2 անգամ գերազանցել են ԱԱ գրանցած իրենց արդյունքները:

«Մեր դահուկորդները հաջող ելույթ են ունեցել, լավ արդյունք են ցույց տվել: Գլխավորը, որ վարկանիշային միավորներ են հավաքել, որոնք նրանց թույլ կտան մասնակցել ավելի կարեւոր մրցույթներում: Նշեմ, որ այդ վարկանիշային մրցույթներին մասնակցել են ավելի քան 10 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` հայտնի դահուկորդներ իտալաիցի Պիրո Սեբաստյանոն եւ շվեյցարացի Կորեյ Կրիստիանը»,- նշել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանից վարկանիշային մրցույթներին մասնակցելու համար Լիբանան էին մեկնել երեք լեռնադահուկորդ` Աբրահամ Սարկախյանը, Արսեն Ներսիսյանը եւ Յուրա Մանուկյանը: Երեքն էլ մասնակցում էին 2 մարզաձեւերում` «Սլալոմ» եւ «Հսկա-Սլալոմ»: «Սլալոմ» մարզաձեւում հայ մարզիկներից լավագույն արդյունքը ցույց տվեց Յուրա Մանուկյանը, որը, հավաքելով 123,54 միավոր, 1-ին տեղը զբաղեցրեց մինչեւ 20 տարեկան մարզիկների շարքում, եւ 8-րդ տեղն ընդհանուր հաշվարկում: Նույն մարզաձեւում 3-րդ տեղին արժանացավ Արսեն Ներսիսյանը, որն իր ելույթն ավարտեց 1.35.01 րոպեում: Աբրահամ Սարկախյանն իր մրցակցին զիջեց տասնորդական վայրկյանով եւ 4-րդ տեղը զբաղեցրեց 1.35.53 րապե արդյունքով: «Հսկա-Սլալոմ» մարզաձեւում Սարկախյանը զբաղեցրեց 6-րդ տեղը, իսկ Արսեն Ներսիսյանը` 7-րդ, Յուրա Մանուկյանը մինչեւ 20 տարեկան լեռնադահուկորդների շարքում զբաղեցրեց 3-րդ տեղը, ընդհանուր հաշվարկում` 17-րդ:

Հայ Լիբանանից կվերադառնան այսօր գիշերը, եւ արդեն մեկ օր անց Թուրքիա կմեկնեն վարկանիշային մրցույթների, որոնք տեղի կունենան մարտի 13-18 Փալանդոկենեում եւ Սարիղամիշում: Այս անգամ հայ լեռնադահուկորդների կազմը կհամալրվի եւս երեք մարզիկներով. Սարկախյանին, Ներսիսյանին եւ Մանուկյանին կմիանան Արսեն Ղազարյանը, Սիրանույշ Մաղաքյանը (Վանաձոր), Տաթեւիկ Մուրադյանը: Հայաստանի բոլոր ներկայացուցիչները կմասնակցեն վերոհիշյալ մարզաձեւերում: