ԱԱԾ․ Մեծ քանակի զենք և զինամթերք է հանձնվել

ԱԱԾ․ Մեծ քանակի զենք և զինամթերք է հանձնվել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության բացատրական աշխատանքների արդյունքում պաշտպանության նախարարության N զորամասի 6 ծառայող կամովին հանձնել է պատերազմի ընթացքում իրենց կողմից Արցախում հայտնաբերված և ՀՀ տեղափոխված հրազենը։

Հանձնվել է «ԱԿ-74» մոդելի, 5,45 մմ տրամաչափի 3 ինքնաձիգ, «ՍՎԴ» տեսակի, 7,62մմ տրամաչափի 1 միավոր դիպուկահար հրացան՝ օպտիկական նշանառության սարքով, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 5,45մմ տրամաչափի 1925 միավոր մարտական փամփուշտ՝ նախատեսված «ԱԿ-74» ինքնաձիգների, «ՌՊԿ-74» տեսակի ձեռքի գնդացիր և դրանց մոդիֆիկացիաների համար, 40մմ տրամաչափի 1 բեկորային նռնակ՝ նախատեսված նռնականետերից կրակելու համար, մարտական շեղբավոր սառը զենք հանդիսացող՝ «Կալաշնիկով» ինքնաձիգի 3 սվին-դանակ, ինչպես նաև տարբեր տեսակի այլ ռազմամթերք:

ԱԱԾ-ն հորդորում է մարտերին մասնակցած և իրենց հետ ՀՀ տարածք ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերն ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին, որպեսզի գործողություններն օրենքով սահմանված կարգով հիմք դառնան անձին քրպատասխանատվությունից ազատելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---