Ահաբեկչական, նացիստական պետությունից՝ պատերազմական հանցագործ․ ԱԺ-ում խոսում են Ադրբեջանի «պուրակից»

Ահաբեկչական, նացիստական պետությունից՝ պատերազմական հանցագործ․ ԱԺ-ում խոսում են Ադրբեջանի «պուրակից»

PanARMENIAN.Net - Աշխարհը պետք է տեսնի, թե ինչ արհավիրք է թուրք-ադրբեջանական տանդեմը, Ադրբեջանն ահաբեկչական պետություն է ու պատերազմական հանցագործություններ է իրականացնում․ այս ու նմանատիպ հայտարարություններով ՀՀ Ազգային ժողովը դատապարտել է ապրիլի 12-ին Ադրբեջանում «պուրակի» բացումը։

Այդ պուրակում ներկայացված են հայ զինծառայողների անձնական իրերը, ցուցադրված են նաև իբրև հայ զինվորների կերպարներ՝ մանեկենների տեսքով՝ ակնհայտ նվաստացուցիչ, արժանապատվությունը վիրավորող ձևով։

Իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ Ադրբեջանում տեղի ունեցողը «սովորական ֆաշիզմ» է, իսկ ՀՀ-ն ահաբեկչական պետության հետ գործ ունի։

«Ադրբեջանում ձևավորվել է ռասիստական հասարակարգ, առկա են բոլոր այն չափանիշները, որոնք թույլ կտային այդ պետությունը դասել ռասիստական պետությունների շարքին»,- ասել է պատգամավորը՝ նշելով, թե «ադրբեջանական թանգարանն» իրեն հիշեցրել է նացիստական վայրագություններին վերաբերող թանգարանները։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պատերազմական հանցագործություններ է իրականացրել։ Պատգամավորը նշել է, որ չի կարելի «նման հանցագործ ռեժիմի հետ տնտեսական կամ այլ բարեկամական հարաբերությունների մասին բանակցություններ վարել»։

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ հավելել է, թե խորհրդարանում հայերեն քննարկումը և «շան տուր տալը» որևէ օգուտ չունեն միջազգային ասպարեզում: Նա պահանջել է միջազգային դիվանագիտական աշխատանք կատարել ու հարցրել, թե ուր է Արտաքին գործերի նախարարության հայտարարությունն այս թեմայով։

«Պետք է ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչ այլանդակ ղեկավարության հետ գործ ունի Հրվ. Կովկասի տարածաշրջանը, ինչ արհավիրք է թուրք-ադրբեջանական տանդեմը»,- ասել է նա։

Իմքայլական պատգամավոր՝ Արման Եղոյանը նշել է, որ ՄԻՊ-ի հետ մանրամասն ներկայացրել են վերջին ամիսների իրավիճակն ու այս իրադարձության մասին մանրամասն տեղեկացրել ԵԽ գործընկերներին։

«Բարգավաճ Հայաստանից» Արման Աբովյանի խոսքով՝ կարելի է ավարտված համարել դիսկուսը՝ «թշնամի են արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան»:

«Այո՛, թշնամի են, բարբարոս պետություն են, նրանց գաղափարախոսության հիմնասյունը ոչ միայն Արցախի ու Հայաստանի քաղաքական մեկուսացումն է, այլ հստակ՝ հայ ժողովրդի ոչնչացումը»,-նշել է նա։

44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը բազմաթիվ ռազմական հանցագործություններ է իրականացրել՝ հայ զինծառայողների գնդակահարումից մինչև քաղաքացիական բնակչությանն արգելված զնքերով թիրախավորել։

 Ուշագրավ
«Հարատև խաղաղություն հաստատենք։ Վերականգնենք մեր արժանապատվությունը»,-ասվում է ուղերձում
«Ելքը միակն է՝ ձեր ձայնը տվեք Հայ ազգային կոնգրեսին»,-ասել է նա