ՀՀ պատմաբանները` Բայդենին․ Թուրքիան փորձում է ամեն ինչ անել՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու համար

ՀՀ պատմաբանները` Բայդենին․ Թուրքիան փորձում է ամեն ինչ անել՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու համար

PanARMENIAN.Net - Հայաստանի պատմաբանները բաց նամակ են հղել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կապակցությամբ։

Նրանք նշել են, որ դիմումն ամենևին էլ Հայոց ցեղասպանության ակնհայտ փաստը մեկ անգամ ևս գիտականորեն ապացուցելու նպատակ չի հետապնդում։

«Անհանգստությունը, որը համակել է մեզ ներկա ապրիլի 24-ի նախօրեին, կապված է Թուրքիայի կողմից շարունակվող համառ ժխտողականության հետ, որը նրա համար ծառայում է որպես նորանոր ցեղասպանական գործողություններ կատարելու քարտ բլանշ։ Դրանցից վերջինն իրականացվեց ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության հանդեպ՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների լայն ներգրավման միջոցով։

Մենք՝ Հայաստանի պատմաբաններս, անցած տարիներին ամբողջական հատորներ ենք գրել բոլոր այն մաքիավելիական հնարքների մասին, որոնց միջոցով Թուրքիան փորձում է ամեն ինչ անել՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու և առաջիկա ապրիլի 24-ի Ձեր (Բայդենի, խմբ.) ուղերձում «Ցեղասպանություն» բառի առկայությունը բացառելու համար։ Նման կեղծիքների վերջին խմբաքանակը կապված է իբր՝ Հայոց ցեղասպանությունը հաստատող դատական որոշման բացակայության մասին անհիմն պնդումի և Ցեղասպանության մասին կոնվենցիայի՝ միայն 1948-ին ընդունվելու փաստի խեղաթյուրված մեկնաբանության հետ։

Մինչդեռ՝ Հայոց ցեղասպանության փաստն առաջինը ճանաչել են հենց իրենք՝ Օսմանյան կայսրության դատարանները՝ 1919-1920 թվականների ընթացքում իրենց ընդունած որոշումներով։ Ավելին՝ թեև Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի մասին Կոնվենցիան ընդունվել է 1948-ին՝ Հոլոքոսթից մի քանի տարի անց, բայց նրա հեղինակ Ռաֆայել Լեմկինը սահմանելով ցեղասպանություն հասկացության հիմնական հատկանիշները, դրանց մեջ է ներառել ոչ միայն Հոլոքոսթի, այլև Հայոց ցեղասպանության ընթացքում կատարված հանցագործությունների դրսևորումները, որոնցից, մասնավորապես՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի е կետով սահմանված՝ մի խմբից երեխաների բռնի փոխանցումը մյուս խումբ, չի դրսևորվել հրեական Հոլոքոսթի ժամանակ։ Դա հենց Հայոց ցեղասպանությանը բնորոշ առանձնահատկություններից մեկն էր, այսինքն՝ 1948 թ դեկտեմբերի 9-ի կոնվենցիան ստեղծվել է Հայոց ցեղասպանության հանցակազմի ներառումով, ուստի չի կարող չտարածվել այն պատմական փաստի վրա, որն իր համար հիմք է հանդիսացել, ճիշտ այնպես, ինչպես այն տարածվում է նույնպես 1948-ից առաջ տեղի ունեցած Հոլոքոսթի վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նոր ցեղասպանությունների կանխարգելումն առաջին հերթին կախված է ԱՄՆ կամքից ու վճռականությունից։

«Թուրքիայի ցեղասպանական նոր նկրտումները կանխելու, նրան իր միջազգային պարտավորություների դաշտ վերադարձնելու վճռորոշ պայմանը հետագայում Հիտլերի կողմից արտաբերված «այսօր ո՞վ է հիշում հայերին» ցինիկ խոսքերով պատմության մեջ ամրագրված՝ թուրքական անպատժելիության ֆենոմենի հաղթահարումն է՝ դրա ձևավորման հիմնաքարը հանդիսացող Հայոց ցեղասպանության անվերապահ ու վերջնական ճանաչման միջոցով։ Միայն այդ հանցագործությանն իր հստակ իրավական՝ ցեղասպանություն անվանումը տալու միջոցով է հնարավոր հաղթահարել նաև ներկայումս միջազգային հանրության որոշ անպատասխանատու ներկայացուցիչների կողմից Էրդողանի ցեղասպանական նկրտումներն անտեսելու և անգամ՝ խրախուսելու Մյունխենյան գործելակերպը։

Մնացած բոլոր լուծումները հանցագործի ու զոհի առերեսման և իրական հաշտեցման փոխարեն՝ շարունակելու են ծառայել արևելյան Հիտլերի դերակատարության մեջ մտնող Էրդողանի վտանգավոր հավակնությունների հետագա ծավալանը։

Այս պատմական պահին ոչ միայն Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, այլև բռնության ու տառապանքի ուղիներով անցած մարդկության միլիոնավոր նահատակների հոգիներն աղոթում են Ձեր ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում Ցեղասպանություն հասկացությունը հստակորեն տեսնելու ակնկալիքով»,-ասվում է հայտարարության մեջ։

Նամակը ստորագրել են՝ Հայաստանի պատմաբանների միությունը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը, ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտը, ՀՊՄՀ պատմության ֆակուլտետը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---