Պրոֆեսիոնալ բանակ ու ժամկետայինի փոփոխություն․ Վարչապետը՝ բանակի ռազմավարական հեռանկարի մասին

Պրոֆեսիոնալ բանակ ու ժամկետայինի փոփոխություն․ Վարչապետը՝ բանակի ռազմավարական հեռանկարի մասին

PanARMENIAN.Net - Ռազմավարական հեռանկարում ՀՀ-ն լրջորեն պետք է քննարկի անցումը պրոֆեսիոնալ բանակի և էականորեն փոփոխի ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքը։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռազմավարական հեռանկարում պատկերացնում ենք, որ սահմանի այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում են ԶՈւ-ն, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները միայն մարտական պատրաստականության հարցերով կզբաղվեն։ Արցախի անվտանգությունը կշարունակի ապահովել ՊԲ-ն՝ խաղաղապահ ուժերի հետ համատեղ», - նշել է նա։

Նրա խոսքով՝ պայմանագրային ու պրոֆեսիոնալ հասկացությունների միջև պետք է տարբերակում դնել։ Ըստ վարչապետի՝ պայմանագրային բավականին մեծ թվով զինծառայողներ ընդգրկված են մարտական հերթապահության մեջ, բայց, ըստ էության, նրանք 14 օր իրականացնում են մարտական հերթապահություն, ևս 14 օր՝ իրենց գործերով են՝ գյուղատնտեսությամբ կամ այլ աշխատանքով են զբաղվում։

«Պրոֆեսիոնալ բանակն ինչո՞վ է տարբերվում. նախ՝ ասացի, որ սահմանները հսկում են սահմանապահները, իսկ ԶՈւ-ն խաղաղ ժամանակ պիտի լինի մշտական տեղակայման վայրերում ու շաբաթը 7 օր միայն մարտական պատրաստությամբ զբաղվի», - նշել է նա։

Փաշինյանն ընդգծել է, որ գրծընթացը 1-2 օրվա չէ, ու արդեն սկսվել է 2018-ից, երբ 3-րդ ԲԿ-ում մեծ ծավալների հատուկ նշանակության արագ արձագանքման պրոֆջոկատների ձևավորում սկսվեց, ինչը հետագա գործընթացներում ցույց տվեց արդյունավետությունը։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, մասնավորապես՝ հայ-ռուսական միացյալ զորախումբն ու ՀԱՊԿ կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական ՀՕՊ միացյալ համակարգը։

«Այս 2 պայմանագրի տրամաբանությամբ հարձակում ՀՀ վրա նշանակում է հարձակում ՌԴ վրա, ու 2 երկիրը միասին պետք է դիմակայեն արտաքին մարտահրավերնեին։ Այս համատեքստում մեկնարկել է նաև ՀՀ ԶՈւ բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը կներառի կառուցվածքային, ապա՝ բովանդակային բարեփոխումներ», - ասել է նա։

«Բացի այդ, մենք հույս ունենք ու քննարկում ենք 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը, ինչպես նաև պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Սյունիքում 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ քննարկումներ ենք ունենում», - ասել է Փաշինյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---