Շիրակցի գերիների հարազատները պահանջում են, որ Փաշինյանն անձամբ մարզ գնա

Շիրակցի գերիների հարազատները պահանջում են, որ Փաշինյանն անձամբ մարզ գնա

PanARMENIAN.Net - Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները Շիրակի մարզպետարանի մուտքերը շարունակում են փակ պահել. նրանք պահանջում են, որ ՀՀ վարչապետն անձամբ գնա մարզ՝ հստակ պատասխան տա հարազատներին իրենց որդիների վերադարձի գործընթացի վերաբերյալ, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Հակառակ դեպքում ասում են՝ կփակեն նաև այլ կառույցների մուտքերը։

«Մարզպետարանի դռները չեն բացվել։ Մեկ ժամ ժամանակ ենք տվել, որ պատասխան տան, թե Փաշինանը երբ է հանդիպման գալու Շիրակի մարզ։ Մենք՝ ոչ մեկս էլ ցանկություն չունենք գալու Երևան, երեք անգամ եկել ենք հանդիպման, ինքը մեզ չընդունեց, հիմա էլ մենք ենք պահանջում, որ ինքը գա էստեղ։ Եթե չեկավ, ուրիշ կառույցներ էլ կփակենք, սրանով չենք սահմանափակվի»,- ասել է գերեվարված շիրակցիների հարազատներից մեկը։

Զինծառայողների հարազատները հայտնել են, որ Փաշինանն ասել է, թե հարազատներին կընդունի Երևանում, ծնողները, սակայն, պատրաստ չեն կրկին մայրաքաղաք գալ։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը տեղեկացրել է, որ ապրիլի 13-ի երեկոյան մարզպետարանում աշխատող կանայք տուն են գնացել, առավոտյան տղամարդիկ ևս լքել են մարզպետարանը։

«Այս պահին մարզպետարանը չի աշխատում։ Իրենց լարվածությունը բոլորիս համար հասկանալի է․․․ Իրենց որևէ կերպ չենք խոչընդոտում։ Խնդիրը դրված է իրենց հարգալից վերաբերվելու և աջակցելու հոգեբանորեն, այլ կերպ մարզպետարանն այս պահին իրավիճակ փոխել չի կարող»,- ասել է Կիրակոսյանը։

Հարազատները նշել են, որ մարզպետարանը չպետք է աշխատի, տղամարդկանց առավոտյան են թույլ տվել լքել շենքը, որովհետև իրենք աշխատակիցների հետ որևէ խնդիր չունեն, կառավարությունից են պատասխան ակնկալում։

Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդի և Հին Թաղերի մոտակայքից գերեվարվել էին 64 պահեստազորային, նրանցից 62-ը Շիրակի մարզից են։ Նրանց հարազատները նաև նախորդ շաբաթ մոտ 13 ժամ փակ էին պահել մարզ տանող ճանապարհները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---