Ապրիլի 23-ի երեկոյան Ծիծեռնակաբերդում կհնչի Վերդիի ռեքվիեմը

Ապրիլի 23-ի երեկոյան Ծիծեռնակաբերդում կհնչի Վերդիի ռեքվիեմը

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված ՀՀ պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի հաստատած միջացառումները կմեկնարկեն ապրիլի 23-ին՝ ժամը 23:00-ին։

«Հիշատակի եռերգություն» կոչվող միջոցառումների շարքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կկատարվի Ջուզեպե Վերդիի ռեքվիեմը, որի ժամանակ հանդես կգան Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Պետական ակադեմիական երգչախումբը:

Այդ մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, գրում է Panorama.am-ը։

Ապրիլի լույս 24-ի գիշերը՝ ուղիղ կեսգիշերին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Հայաստանի պետական կամերային երգչախումբը և «Հովեր» պետական կամերային երգչախումը կներկայացնեն Մոցարտի «Ռեքվիեմը»: Համերգը կղեկավարի գերմանաբնակ դիրիժոր Ալեքսանդր Իրադյանը:

Ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկատարվի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»՝ Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ: Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների անդամներ:

Հարությունյանը նշել է նաև, որ ապրիլի 24-ի առավոտյան ժամը 9-10-ը մուտքը դեպի Ծիծեռնակաբերդ ժամանակավորապես կսահմանափակվի՝ պաշտոնական պատվիրակությունների այցելությունների հետ կապված:

Նա հայտնել է նաև, որ ապրիլի 24-ին մի շարք ճանապարհներ փակ են լինելու, մասնավորապես՝ Հաղթանակի կամրջից մինչև Լենինգրադյան փողոց` երկկողմանի, Վերֆելի փողոցի վերին հատվածից դեպի Բրազիլիայի հրապարակ ընկած հատվածը:

Ապրիլի 24-ին «Հրազդան» մարզադաշտից երկու ուղղությամբ անվճար երթուղի է գործելու՝ մեկը մինչև մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարան, մյուսը՝ մինչև «Բարեկամություն», իսկ Մետրոպոլիտենն աշխատելու է մինչև ժամը 01:00-ը:

Ապրիլի 21-ին՝ ժամը 12:00-ին, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կկազմակերպվի ժամանակավոր ցուցադրություն՝ «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետքերով» խորագրով: Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 10-ը։

Ապրիլի 23-ին տեղի կունենա նաև ավանդական ջահերով երթը։ Ապրիլի 27-ին տեղի կունենա ավանդական ծաղկահավաք, խոնարհված ծաղիկները կհավաքվեն, դրանց թերթիկներից թուղթ կպատրաստվի, որը, ինչպես միշտ, օգտագործվում է շնորհակալագրեր ուղարկելու համար:

 Ուշագրավ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը
Նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է
Այժմ պատվաստվելու հնարավորություն ունեն միայն ռիսկային խմբերի մարդիկ