11 մարտի 2009 - 15:45 AMT
Եվրամիությունը նախագահ ու արտգործնախարար կունենա
Եվրախորհրդարանի Սահմանադրական գործերի գծով կոմիտեն արտահայտվել է ԵՄ ապագա նախագահին հինգ տարի ժամկետով ընտրելու օգտին: Եվրախորհրդարանի կոմիտեն գտնում է, որ ԵՄ-ի նախագահի պարտականությունների մեջ պետք է լինի ԵՄ-ին ներկայացնելը արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերին նվիրված բարձր մակարդակի բանակցություններում, ինչպես նաեւ Եվրախորհրդի աշխատանքը ղեկավարելը, որը ԵՄ երկրների նախագահների ու կառավարությունների ղեկավարների լիազոր համաժողովն է: ԵՄ-ն բարձր մակարդակով ներկայացնելու իրավունքը արտաքին քաղաքականության հարցերում խորհրդարանական կոմիտեի անդամների կարծիքով պետք է ունենա նաեւ Եվրահանձնաժողովի նախագահը: Ինչ վերաբերում է ԵՄ ԱԳ նախարարին, ապա այդ պաշտոնի սահմանումը նախատեսված է նաեւ Լիսաբոնի պայմանագրով, ապա պատգամավորներն առաջարկել են, որ նրան իրավունք տրվի քաղաքական բանակցություններ վարել ԵՄ-ի անունից նախարարական մակարդակով: Եվրախորհրդարանի Սահմանադրական գործերի գծով կոմիտեի հանձնարարականները պետք է հավանության արժանանան առաջիկա ընդլայնված նստաշրջաններից մեկում, հաղորդում է Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը:

ԵՄ նախագահի պաշտոնի սահմանումը նախատեսված է Լիսաբոնի պայմանագրով, որով փոփոխության են ենթարկվում ԵՄ կառավարման մարմինների կառուցվածքը: ԵՄ 27 անդամ երկրներից միայն Իռլանդիան չի վավերացրել պայմանագիրը: Իռլանդացիների 53,4 տոկոսը 2008թ. հունիսի 12-ի հանրաքվեում հրաժարվեցին հավանություն տալ փաստաթղթին, որը սահմանում է ԵՄ առավել արդյունավետ գործունեության սկզբունքներն ու մեխանիզմները: ԵՄ-ում Իռլանիդիայի գործընկերները գտնում են, որ երկրում տեղի կունենա կրկնական համընդհանուր քվեարկություն, որի արդյունքները թույլ կտան նոր հիմնարար փաստաթղթին ուժի մեջ մտնել 2010 թվականին: