Նախագահը՝ Սյունիքում. Եկել եմ իմ աչքերով տեսնելու

Նախագահը՝ Սյունիքում. Եկել եմ իմ աչքերով տեսնելու

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը համատեղ այցով Սյունիքի մարզում են։

«Այսօր եկել եմ նախ և առաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ, անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին, և մտածենք, թե ինչով կարող եմ օգնել»,-ասել է նախագահը։

Գորիսի քաղաքապետարանում նրանք հանդիպել են Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյան և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։

Համայնքների ղեկավարները նախագահին ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու խնդիրները, որոնցից հատկապես առաջնային են համարել անվտանգության, սահմանազատումների հետ կապված հարցերը։ Նշվել է նաև, որ մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ներկայումս զրկված են արոտավայրերի, անգամ՝ մասնավոր սեփականություն հանդիսացող որոշ հողատարածքների օգտագործման հնարավորությունից։ Սա ավելի է բարդացնում առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը։

Նշվել են նաև գործազրկության, մասնավորապես Գորիսում զբոսաշրջության ոլորտում առաջացած դժվարությունները, ինչպես նաև ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները։

Պատասխանելով հնչած հարցերին և անդրադառնալով ներկայացված խնդիրներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ իր ղեկավարած ինստիտուտի լիազորությունների սահմաններում հնարավորինս կփորձի աջակցել դրանց լուծմանը։

Նախագահն ու ՄԻՊ-ը հանդիպել և զրուցել են Տեղ, Խնածախ, Խոզնավար և Վաղատուր համայնքների բնակիչների հետ, ևս մեկ անգամ ծանոթացել նրանց խնդիրներին, որոնք հիմնականում վերաբերել են անվտանգությանը, սոցիալ-տնտեսական վիճակին, ինչպես նաև մարդու իրավունքներին:

Հանրապետության նախագահն առաջարկել է համայնքների առաջնային խնդիրների մասին ավելի հանգամանալից տեղեկություններ և մանրամասն տվյալներ ներկայացնել նախագահի աշխատակազմ և պատրաստակամություն հայտնել նախագահի ինստիտուտի լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանը:

ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---