Սոթքի ոսկու հանքի աշխատողների պահանջները բավարարվել են

Սոթքի ոսկու հանքի աշխատողների պահանջները բավարարվել են

PanARMENIAN.Net - Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների պահանջները բավարարվել են։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նրանք բացել են մի քանի օր փակ պահվող ճանապարհը, երկաթգիծը, և հանքը սկսել է իր բնականոն աշխատանքը:

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը մեծամասամբ բավարարել է աշխատակիցների պահանջները։ Պատգամավորը նշել է, որ փոխզիջումային լուծումները միշտ ընդունելի են, թեև ցանկալի կլիներ հարցը չհասներ ճանապարհ փակելուն. դա չպետք է լինի հարց լուծելու ձև։

«Անցած շաբաթվա վերջից Գեղարքունիքի մարզի Սոտքի ոսկու հանքավայրի աշխատակիցները (մասնավորապես վարորդները) փակել էին հանք տանող ավտոճանապարհն ու երկաթգիծը։ Նրանք պահանջում էին արժանապատիվ աշխատավարձ, քանի որ նախկինում կատարելով նույն վտանգավորության աշխատանքը, ստանում էին մոտ 500,000 դրամ աշխատավարձ, իսկ վերջին ամիսներին՝ էական կրճատումով՝ 120-150,000 դրամ։

Իհարկե, հասկանալի է, որ հանքավայրի մի մասը նոյեմբերի 10-ի չարաբաստիկ հայտարարությամբ ադրբեջանական վերահսկողության տակ է անցել, ուստի հանքի շահագործման ծավալներն էապես կրճատվել են և շահագործող ընկերությունը տուժել է։ Բայց դրա հետևանքով մոտ 300 աշխատակից կրճատվեց, մնաց անաշխատանք, ուստի ակնկալվում էր, որ գոնե մնացած աշխատակիցները կպահպանեն իրենց աշխատավարձը՝ առավել ևս, որ աշխատում են ադրբեջանցի զինվորների նշանառության տակ»,-ասվում է գրառման մեջ։

ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ամբողջ ընթացքում կապի մեջ է եղել երկու կողմերի՝ ինչպես աշխատակիցների, այնպես էլ՝ տնօրինության հետ՝ միջնորդի կարգավիճակով։ Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները, որոնք փակել էին հանք տանող ճանապարհները, դիմել էին պատգամավորին՝ դժգոհելով, որ արդեն մի քանի ամիս է արդյունահանման ծավալների նվազման պատճառով 4-5 անգամ պակաս են ստանում։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի ոսկու ամենամեծ՝ Սոթքի հանքի մի մասն անցել է Ադրբեջանին։ Սոթքի հանքավայրը և այն շահագործող «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը տնտեսական կարևոր նշանակություն ունեն․ 2020-ի 3 եռամսյակի դրությամբ ընկերությունը 4-րդն է Հայաստանի 1000 խոշոր հարկատուի ցանկում վճարած 16․2 մլրդ դրամի հարկերով։ 2019-ին ընկերությունը մոտ 13․7 մլրդ դրամ հարկ էր վճարել՝ դառնալով երկրում 9-րդ հարկատուն։ Հանքավայրից բացի, ընկերությունը տնօրինում է նաև դրա աշխատանքից կախված Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը։

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա