ՄԻՊ․ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» և ՀՀ բնակչությանը դուրս շպրտելու մասին խոսքերը ցեղասպան քաղաքականության ապացույց է

ՄԻՊ․ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» և ՀՀ բնակչությանը դուրս շպրտելու մասին խոսքերը ցեղասպան քաղաքականության ապացույց է

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ ամբողջ բնակչության մասին ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով ելույթին, հայտարարել է, որ դա ցեղասպան քաղաքականության ապացույց է։

Նշվում է, որ, նկատի ունենալով Հայաստանի ինքնիշխան Հանրապետության տարածքը, Ալիևը խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու և Հայաստանի բնակչության դուրս շպրտելու մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ադրբեջանի նախագահը նաև նշել է. «Բոլոր ուժերը մոբիլիզացված են ծրագիրն իրագործելու համար: Այսպիսով, 101 տարի անց ադրբեջանական ժողովուրդը վերադառնում է գրավված Զանգեզուր»:

«Դրանից առաջ էլ՝ 2021թ. ապրիլի 12-ի և 13-ի ելույթներով, օրինակ, Ալիևը բացահայտ նշել է, որ ՀՀ-ում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ամբողջ հայ ժողովուրդն ունեն հոգեբանական խեղումներ, թույնով են լցված, անհասկացող են, վայրենի են, մեծամիտ են, չունեն բարոյականություն և այլն: Փոխարենը՝ ի ցույց է դնում, իր կարծիքով, Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց հայ ժողովրդի հետ համեմատությամբ համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցը ցեղասպան քաղաքականության ապացույց է, այն պարունակում է միջազգային իրավունքով բարցարձակ արգելված՝ ՀՀ ամբողջ բնակչությանն ուղղված ահաբեկումներ են: Այս ամենն իրականացվում է պատմական փաստերի բացահայտ աղավաղմամբ՝ ներկայացնելով Զանգեզուրը իբր ադրբեջանական պատմական տարածք»,-ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ:

ՄԻՊ-ը հատուկ արձանագրել է, որ Ադրբեջանի նախագահը 2020թ. պատերազմից հետո հատկապես հայտարարություններ է անում, որոնք ֆաշիստական քաղաքականության վկայություն են: Ակնհայտ է, որ Ադրբեջանի նախագահն այսկերպ պետական բարձրագույն մակարդակով զարգացնում է էթնիկ ատելություն, այսինքն՝ հայատյացություն:

ՄԻՊ ուսումնասիրությունները հաստատում են, որ Բաքվի նման պետական քաղաքականությունն է ընկած պատերազմի ընթացքում ու դրանից հետո հայ քաղաքացիական անձանց ու զինծառայողների նկատմամբ ադրբեջանական ԶՈւ վայրագությունների, կենդանի մարդկանց գլխատումների, խոշտանգումների և այլ պատերազմական հանցագործությունների հիմքում:

Նշվում է, որ Սյունիք այցերը վկայում են՝ ադրբեջանական զինվորականները կրակում են խաղաղ բնակավայրերի հարևանությամբ, բացահայտ ահաբեկում խաղաղ բնակիչներին ու երեխաներին՝ անգամ ձեռքով համապատասխան նշաններ անելով:

«Միջազգային կառույցները պարտավոր են հաշվի առնել, որ նրանց լռությունն էր, որ պատերազմի ընթացքում նպաստեց ադրբեջանական ավելի մեծ դաժանությունների, իրավունքների անհավանական կոպիտ խախտումների: Անհրաժեշտ է վճռական, իրական արդյունք ապահովող միջոցներով կանխել ադրբեջանական ցեղասպան ու ֆաշիստական քաղաքականությունը, հայատյացության ու թշնամանքի պետական քարոզը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական հեռուստաընկերություններից մեկին հայտարարել է, որ Ադրբեջանը «կիրագործի Զանգեզուրի միջանցքի ստեղծման ծրագիրը՝ կուզի դա Հայաստանը, թե ոչ: «Եթե Հայաստանն ուզի, այդ հարցը պարզ կլուծվի, եթե չուզի՝ կլուծվի ուժով։ Ես ասում էի պատերազմի ժամանակ ու ասում եմ հիմա՝ նրանք պիտի «ռադ լինեն» մեր հողից բարի կամքով, թե չէ մենք նրանց դուրս կշպրտենք։ Այդպես էլ եղավ։ Նույնը լինելու է Զանգեզուրի միջանցքի հետ», - նշել է նա։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---