Լրագրողներ առանց սահմանների. ՀՀ-ում մամուլը բազմազան է, բայց ոչ անկախ

Լրագրողներ առանց սահմանների. ՀՀ-ում մամուլը բազմազան է, բայց ոչ անկախ

PanARMENIAN.Net - Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է 2021 թվականին աշխարհում մամուլի ազատության մասին տարեկան իր զեկույցն ու երկրների դասակարգման աղյուսակը՝ անդրադառնալով նաև Հայաստանին։ Ըստ զեկույցի՝ ՀՀ-ում մամուլը բազմազան է, սակայն ոչ անկախ։

Ըստ հրապարակման՝ Հայաստանում լրատվամիջոցների բազմազանությունը հատկապես զարգացել է 2018-ից հետո, սակայն նոր իշխանություններին այդպես էլ չհաջողվեց նվազեցնել լրատվամիջոցների բևեռացումը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Նշվում է, որ հեռուստաընկերությունների խմբագրական քաղաքականությունը համընկնում է դրանց սեփականատերերի շահերի հետ, իսկ թափանցիկ լրատվամիջոցների սեփականության իրավունքը և լրագրողական անկախությունը դեռևս հեռու են կայացած լինելուց:

Հայաստանը, ըստ զեկույցի դասակարգային աղյուսակի, 2020-ի համեմատ նահանջել է 2 միավորով՝ 180 երկրի շարքում այս տարի զբաղեցնելով 63-րդ տեղը: Բացառությամբ մերձբալթյան երկրների՝ հետխորհրդային հանրապետությունների շարքում Հայաստանը զիջում է միայն Վրաստանին, որը, ըստ աղյուսակի, 60-րդ տեղում է:

Ադրբեջանը 167-րդ տեղում է: Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում հետընտրական ճնշումները, կորոնավիրուսի ճգնաժամը և պատերազմը Լեռնային Ղարաբաղում նպաստել են գրաքննության աճին և լրագրողների աշխատանքի համար իրավիճակի վատթարացմանը:

Զեկույցում անդրադարձ կա պատերազմի և համավարակի օրերին հայտարարված արտակարգ դրության պայմաններում ՀՀ մամուլի գործունեությանը:

Նշվել է, որ լրագրողները Հայաստանում շարունակում են թիրախ հանդիսանալ քաղաքական որոշակի շրջանակների համար, ինչպես դա տեղի ունեցավ «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի վրա հրադադարից անմիջապես հետո արձանագրված հարձակման ժամանակ: Առկա է մտահոգություն լրագրողների դեմ դատական գործընթացների ծավալի և կեղծ լուրերի դեմ պայքարում թույլ տրվող անօրինականությունների կապակցությամբ, նշված է զեկույցում:

Կազմակերպությունը մտահոգություն է հայտնում նաև ապատեղեկատվության դեմ պայքարում անվտանգության ծառայությունների ներգրավվածության և, առանց քաղաքացիական հասարակության և լրագրողների հետ նախնական քննարկման, օրենսդրական նախաձեռնություններ իրականացնելու առիթով: Դրա հետ մեկտեղ, սակայն, հետաքննող լրագրությունը զարգացում է ապրում Հայաստանում առցանց դաշտում՝ կարևոր տեղ զբաղեցնելով կոռուպցիայի դեմ պայքարում:

Ռուսաստանը 180 երկրների աղյուսակում զբաղեցնում է 150, Թուրքիան՝ 153, Ամենավատ ցուցանիշն արձանագրել է Իրանը՝ զբաղեցնելով 174-րդ տեղը:

Դասակարգման աղյուսակում ամենաազատ մամուլ ունեցող երկրների հնգյակը ներկայացնում են Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Դանիան և Կոստա Ռիկան, իսկ մամուլի ազատության առումով ամենավատ ցուցանիշներն ունեն Էրիթրիան (180), Հյուսիսային Կորեան (179), Թուրքմենստանը (178), Չինաստանն (177) ու Ջիբութին (176):

 Ուշագրավ
Սոֆլու, Բարխուդարլու և Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին
Վարորդները նշել են, որ արդեն տևական ժամանակ է իրենց վառելիք չի տրամադրվում
«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով