ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ-ին․ Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել

ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ-ին․ Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել

PanARMENIAN.Net - Ուժի կիրառմամբ ստեղծված իրողությունները չեն կարող օրինական լինել, քանի որ դրանք յուրաքանչյուր հակամարտության և ճգնաժամային իրավիճակում ստեղծում են պատերազմի համար նպաստավոր միջավայր: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հայտարարել է՝ ազդարարելու ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) Հայաստանի նախագահության մեկնարկը:

Նշելով, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության գաղափարը եղել է և շարունակում է մնալ պատերազմի և ուժի կիրառման անընդունելիությունը և անդրադառնալով Արցախի դեմ 44-օրյա պատերազմին՝ նախարարն ասել է, որ Ադրբեջանը ոչ միայն պարզապես արդարացնում է ուժի կիրառումը, այլև պնդում է, որ ուժի միջոցով լուծել է հակամարտությունը և տեղում ձևավորել նոր իրողություններ:

«Միայն այն փաստը, որ ուժի կիրառումը տեղի է ունեցել ԵԱՀԿ-ի կողմից հասցեագրվող հակամարտության շրջանակներում, ակնհայտորեն ի ցույց է դնում, որ կազմակերպությունը չի կարողացել պաշտպանել իր հիմնական արժեքները, սկզբունքներն ու հանձնառությունները:

Այսպիսով, կասկածի տակ է դրվել ԵԱՀԿ-ի՝ որպես ՄԱԿ կանոնադրության VIII գլխով սահմանված տարածաշրջանային մեխանիզմի և որպես տարածաշրջանում վեճերի խաղաղ կարգավորման հիմնական կազմակերպության պատշաճությունը»,-ասել է նա:

Նա նշել է, որ ԵԱՀԿ պարտավորությունների կատարման շուրջ մասնակից պետությունների միջև արժանահավատ երկխոսությունը պետք է լինի առաջին գերակայությունը: «Հայաստանի նախագահության ծրագիրը բխում է ԵԱՀԿ սկզբունքները և հանձնառությունները պաշտպանելու հրատապ անհրաժեշտությունից՝ ԵԱՀԿ անվտանգության միջավայրի հետագա քայքայումը կանխարգելելու նպատակով:

Հայաստանը հանձնառու է առաջնորդել այդ ջանքերը ֆորումի Նախագահության երկրորդ եռամսյակում՝ «Վստահության վերականգնումը ռազմաքաղաքական հանձնառությունների իրականացման միջոցով» կարգախոսի ներքո»,-ասել է նա։

Այվազյանը հավելել է, որ Հայաստանի նախագահությունը կմեկնարկի միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխանության վերաբերյալ Անվտանգության երկխոսությամբ, որը հնարավորություն կտա մասնակից պետություններին վերահաստատել իրենց հանձնառությունը միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին՝ ամրագրված ԵԱՀԿ անվտանգության ռազմաքաղաքական ասպեկտների վերաբերյալ վարքագծի կանոներում:

«Այսպիսով, մենք պետք է կանգ առնենք և վերագնահատենք համապարփակ և համագործակցային անվտանգության հիմքը, որի վրա կառուցված են սպառազինությունների վերահսկման բոլոր ռեժիմները: Առանց բոլոր մասնակից պետությունների` ուժի չկիրառմանն ունեցած հստակ հանձնառությունների և ԵԱՀԿ տարածքում ուժի կիրառումը կանխելու հավաքական ջանքերի՝ իրավական և քաղաքական պարտադիր ուժ ունեցող մեխանիզմների արդյունավետությունը կայուն չի լինի: Հաշվի առնելով այս ամենը՝ ԱՀՖ հայաստանյան նախագահությունը նախաձեռնելու է մի շարք Անվտանգության երկխոսություններ։

Անվտանգության նորահայտ սպառնալիքները պահանջում են ջանքերի համակարգում և համագործակցություն համապատասխան կազմակերպությունների միջև: ԵԱՀԿ և ՀԱՊԿ գործունեության համանման ոլորտներն ամուր հիմք են ստեղծում երկու կազմակերպությունների միջև փոխգործակցության համար»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

17 տարի անց Հայաստանը երկրորդ անգամ ստանձնել է Ֆորումի նախագահությունը:

 Ուշագրավ
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր
Քոչարյանը ընդգծել է, որ երկրի առջև կանգնած երեք խնդիր կա՝ անվտանգություն, Ղարաբաղ և տնտեսական ճգնաժամ
ՀԱԿ-ը դեռ որոշում չունի ընտրություններին մասնակցելու ձևաչափի վերաբերյալ
Տեղի կունենա Լվրովի և Այվազյանի համատեղ մամուլի ասուլիսը