ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսական նամակ է հղել Բայդենին՝ հորդորելով ճանաչել Ցեղասպանությունը

ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսական նամակ է հղել Բայդենին՝ հորդորելով ճանաչել  Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համանախագահներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Գ. Վալադաոն և Ջեքի Սփիըրը Կոնգրեսի ավելի քան 100 գործընկերոջ հետ միասին նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին` հորդորելով նրան ապրիլի 24-ին` հիշատակի օրը, իր հայտարարության մեջ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ապրիլի 24-ին աշխարհում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցն է` 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից 1.5 միլիոն հայերի սիստեմատիկ սպանությունէը և տեղահանությունը: Սակայն տասնամյակներ շարունակ, մինչ աշխարհի առաջնորդները ճանաչում են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը, ԱՄՆ նախագահը լռում է: Մենք միանում ենք հպարտ ամերիկահայ համայնքին և բոլոր նրանց, ովքեր սատարում են ճշմարտությունն ու արդարությունը` խնդրելով, որ ապրիլի 24-ի Ձեր հայտարարության մեջ հստակ և ուղղակիորեն ճանաչեք Հայոց ցեղասպանությունը», - ասվում է նամակում, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին և Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը շնորհակալություն են հայտնել կոնգրեսականներին նախաձեռնության համար և նշել, որ այդպիսով «Սպիտակ տունը կարող է ավարտել Անկարայի ժխտողականության մեջ ամերիկյան մեղսակցության ամոթալի դարաշրջանը»:

«Մենք գիտենք, որ սա մի հարց է, որին Դուք քաջածանոթ եք Սենատում գտնվելու ընթացքում և որպես փոխնախագահ: Մենք բարձր ենք գնահատում, որպես փոխնախագահ, 2015 թ. Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին Վաշինգտոնի Ազգային տաճարում անցկացված հիշատակի արարողությանը Ձեր մասնակցությունը:

Այս տարի Հայոց ցեղասպանությունն ըստ պատշաճի նկարագրելով` Դուք կմիանաք ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատին և Սենատին, որոնք ճնշող մեծամասնությամբ 2019 թ.-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր:

Պարոն Նախագահ, ինչպես նախորդ տարի ասացիք ապրիլի 24-ի Ձեր հայտարարության մեջ. «Լռությունը հանցակցություն է»: Հայոց ցեղասպանության պատմական փաստի վերաբերյալ Միացյալ Նահանգների կառավարության ամոթալի լռությունը չափազանց երկար է տևել, և այն պետք է ավարտվի։ Մենք հորդորում ենք Ձեզ, որ կատարեք Ձեր ստանձնած պարտավորությունները և ասեք ճշմարտությունը»,-ասվում է նամակում։

Ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափել է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով «Մեծ Եղեռն», «աղետ», «ողբերգություն» բառերը:

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր պաշտոնում նշանակվելու ժամանակ հայտարարել էր, որ Բայդենի վարչակազմը կխորհրդակցի ԱՄՆ Կոնգրեսի հետ այս հարցի շուրջ: ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները դեռևս 2019 թ-ին ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---