ՀՀ-ն Արցախին տարեկան լրացուցիչ 10 մլրդ դրամ կհատկացնի

ՀՀ-ն Արցախին տարեկան լրացուցիչ 10 մլրդ դրամ կհատկացնի

PanARMENIAN.Net - Հայաստանը 10 տարի շարունակ լրացուցիչ տարեկան մինչև 10 մլրդ դրամ կհատկացնի Արցախին՝ պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության նպատակով։ Գործադիրը որոշել է հավանություն տալ համապատասխան համաձայնագրի կնքմանը ՀՀ և Արցախի միջև։

Ըստ որոշման՝ «պետական ֆինանսական աջակցությունը կտրամադրվի դրամական օգնության ձևով և/կամ գանձապետական տարեկան 10% եկամտաբերությամբ և մարման 5 տարի ժամկետով հասարակ մուրհակների տրամադրմամբ»:

Աջակցության գումարի մինչև 5 միլիոն դրամը կտրամադրվի դրամական օգնության ձևով, իսկ 5 միլիոն դրամը գերազանցող մասը՝ մուրհակների տրամադրմամբ, տեղեկացնում է Shantnews.am-ը։

Մուրհակների թողարկումը, տրամադրումը, շրջանառությունը, հաշվառումն ու մարումն իրականացվելու է Արցախի կառավարության կողմից սահմանված կարգով:

Արցախի տարածքում գործարար ծրագրի իրականացման, հարկային, վարկային և այլ կրեդիտորական պարտավորությունների կատարման դեպքերում մուրհակը կարող է մարվել մինչև ժամկետի լրանալը:

Նախատեսվում է նաև քաղաքացիների հիփոթեքային, սպառողական և բիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված) վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցում՝ ըստ սահմանված շահառուների խմբերի, աջակցության չափերի և ժամկետների՝ առաջիկա երեք տարվա համար։

Եթե ծրագրի շահառուին տրամադրվել է նաև պետական աջակցություն վարկային պարտավորությունների կատարման համար, ապա այս միջոցառման շրջանակում աջակցությունը կտրամադրվի գույքի կորստի գնահատված չափի և վարկային պարտավորությունների համար տրամադրված աջակցության դրական տարբերության դեպքում՝ միջոցառմամբ սահմանված չափերով:

 Ուշագրավ
«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա
Նա ասել է, որ 2020-ին տնտեսությունն ունեցել է ընդամենը 7.6 տոկոս անկում
ՌԱԷԿ-ի մասնագետները ներկայացրել են տեխնիկական սպասարկման և վերանորոգման ուղղությամբ տարվող աշխատանքը
Նա հավելել է, որ էկոնոմիկայի նախարարությունը բիզնեսի համար առավել կոնկրետ առաջարկներով հանդես կգա