Նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ

Նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է Սահմանադրական դատարան։

Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթն Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021-ի ապրիլի 2-ին, տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

«Ըստ Օրենքին կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքի գլխավոր նպատակն է կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը: Սակայն հարկ է ընդգծել, որ Օրենքը համակարգային բնույթ չունի, և դրանով նախատեսված կարգավորումներով գիտության և կրթության ոլորտում առկա խնդիրների համար առավելապես հատվածական լուծումներ են առաջարկվում:

Նման օրենքի ընդունման համար նախ և առաջ պետք է ունենալ գիտության և կրթության զարգացման հստակ տեսլական, ռազմավարություն, ծրագիր՝ ինչ ուղղությամբ ենք գնում, ինչպիսի գիտություն ու կրթություն ենք ուզում զարգացնել: Օրենքը ներկա վիճակով լիարժեքորեն չի արտացոլում գիտության և կրթության զարգացման ժամանակակից միտումները»,-ասվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, օրենքի վերաբերյալ նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ դրա առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ նախագահը չի ստորագրել օրենքը՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու համար:

Ըստ ԱԺ ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի՝ կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ին՝ բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամակցությունը: Կառավարման խորհուրդն է ընտրում ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով: Եթե նախկինում ռեկտորի թեկնածուի համար օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, ապա նախագծով ավելացել է նաև առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական և ակադեմիական գործունեության ստաժի պահանջը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---