Մակրոն․ Հանուն արդարության և ճշմարտության պայքարը չի դադարի, քանզի այն միայն հայերինը չէ

Մակրոն․ Հանուն արդարության և ճշմարտության պայքարը չի դադարի, քանզի այն միայն հայերինը չէ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հղած նամակում գրել է, որ իր բոլոր մտքերն ուղղված են պատմության զրկանքները կրած Հայաստանին։

Նա նշել է, որ հանուն արդարության և ճշմարտության պայքարը չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ:

«Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին իմ բոլոր մտքերն ուղղված են պատմության զրկանքները կրած Հայաստանին։ Մտովի հայ ժողովրդի, ցեղասպանությունից մազապուրծ եղածների և փախստականների հետ եմ, որոնց ժամանակին հյուրընկալեց Ֆրանսիան, և որոնց ժառանգները կերտեցին մեր երկիրը։ Մենք երբևէ չենք մոռանա։

Կցանկանայի հույզերով և արժանապատվությամբ լի այս օրը լինել ձեզ հետ: Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանին խնդրել եմ ինձ ներկայացնել Երևանում Ցեղասպանության ոգեկոչման արարողությունների ընթացքում», - ասվում է նամակում։

Նա նշել է, որ ինչպես և հանձն էր առել, 2019 թվականից ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես ճանաչվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Ֆրանսիայում ամենուր, ի հեճուկս համավարակով պայմանավորված սահմանափակումների, կնշվի մեր հանրապետական օրացույցում ընդգրկված այդ օրը։

«Այս ապրիլի 24-ին, առավել, քան ցանկացած մեկ այլ օր մեր երկու ժողովուրդները համախմբված են նույն հիշատակի շուրջ։ Ճշմարտությունն ընդունելով՝ անցյալը հիշելը, հարգանքի տուրքը հանգուցյալներին և ապրողների հիշողությունը հարգելը մեր պարտքն է՝ կանխելու մոռացումը, ժխտումը, սուտը: Պատմության ընթացքում ձեր կողքին հանձնառու լինելով՝ մենք ապագայի հանդեպ հանձնառու ենք նաև այսժամ, երբ Ձեր երկիրն անցավ տարածաշրջանը պատուհասած մահաբեր հակամարտության միջով, որտեղ չափազանց շատ արյուն է հեղվել։ Պետք է կերտել նոր՝ խաղաղության, բարգավաճման և հաշտության էջ։ Հանուն արդարության և ճշմարտության պայքարը, որ ձեզ հետ միասին մղել է և կշարունակի մղել Ֆրանսիան, չի դադարի, քանզի այն միայն հայերի պայքարը չէ։ Այն Ֆրանսիայի Հանրապետության եղբայրության սկզբունքի հիմքում է։

Տխրության, բայց նաև հույսի այս օրը, երբ միասին հիշում ենք մարտիրոսված ժողովրդի սոսկալի տառապանքները, Ֆրանսիային և Հայաստանին միավորում են բարեկամությունը և եղբայրությունը։ Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, հարգանացս գերագույն հավաստիքը»,- ասվում է Ֆրանսիայի նախագահի նամակում։

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը: Երևանում է նաև Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ժան-Բատիստ Լըմուանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---