ՀՀ նախագահ․ Իրադարձություները փաստում են՝ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է

ՀՀ նախագահ․ Իրադարձություները փաստում են՝ Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն անհրաժեշտ է

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ իր ուղերձում նշել է, որ ավելի քան 100 տարի առաջ հայ ժողովրդի կրած վիթխարի մարդկային ու տարածքային կորստի ցավն այսօր էլ արձագանքում է մեր սրտերում՝ հիշեցնելով, որ ոտնահարվել է հայ ժողովրդի՝ իր բնօրրանում խաղաղ և ապահով ապրելու ու զարգանալու իրավունքը՝ «երեկ՝ Օսմանյան կայսրությունում, այսօր՝ Արցախում»:

Նա հավելել է, որ իրադարձություները փաստում են, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը անհրաժեշտություն են մեր տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն ապահովելու համար:

«Ցավոք, միջազգային և տարածաշրջանային քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանությունը, ընդհանրապես հայկական հարցը ոմանց կողմից շատ հաճախ փորձ է արվում օգտագործել որպես միջոց տարբեր նպատակների հասնելու համար: Սակայն աշխարհը պետք է գիտակցի, որ Հայոց ցեղասպանության ոճիրը լռության մատնելու, անցյալում թողնելու, առավել ևս՝ ժխտելու քաղաքականությունն իրեն վաղուց է սպառել, որ ցեղասպանությունն ամբողջ մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, և որ անտարբերությունն ու անպատժելիությունը նոր հանցագործություններ են ծնում: Նման ոճրագործություններն ու դրանց հեղինակներին պետք է կոչել իրենց անուններով, դատապարտել հանցագործությունն ու հանցագործին:

Հայոց ցեղասպանությունն այլատյացության այն հետևողական քաղաքականության արգասիքն է, որի նորագույն դրսևորումն Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանա-թուրքական պատերազմն էր:

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, երբ դեռ ապաքինվում ենք ծանրագույն հարվածից, մեր մեջ պետք է արմատավորվի ուժեղ, մրցունակ, խելամիտ Հայաստան ունենալու ձգտումը: Մենք կարող ենք ու պարտավոր ենք ուղղել մեր մեջքը և ամուր կանգնել սեփական հողին և հավատարիմ մնալ ինքներս մեզ: Միանշանակ մերժելի են ոտնձգությունները մեր ազգային ու բարոյական արժեքների, մեր ինքնության դեմ»,-ասվում է ուղերձում:

Նախագահը նշել է, որ մենք,ոխ որպես միասնական ժողովուրդ և պետություն, պետք է կարողանանք մաս կազմել այսօր աշխարհում տեղի ունեցող զարգացումներին' առանց նահանջելու մեր հիշողությունից ու արդարացի պահանջներից:

«Խոնարհվելով ցեղասպանությանը զոհ գնացած մեր սուրբ նահատակների հիշատակի առաջ, որպես Հանրապետության նախագահ, ցանկանում եմ վստահաբար ասել, որ համայն հայության համատեղ ուժերով հասնելո՛ւ ենք մեր ազգային նպատակների իրականացմանը և Հայաստանը դարձնե՛լու ենք մեր երազանքների երկիրը»,-ասվում էուղերձում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---