Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում

Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդում

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անունից ծաղկեպսակ է տեղադրվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը։

«Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը։ Ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, սակայն նրա զոհերն այստեղ են՝ մեզ հետ»,- Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված արարողության ժամանակ ասել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն։

Նա նշել է, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտք է գործել հուզմունքով լի՝ ծանոթ լինելով հայ ժողովրդի հետ կատարվածին, տեղեկացնում է Panorama.am-ը։

«Ես վստահ եմ, որ այստեղից մարդիկ փոխված են հեռանում։ Ժողովրդավարական հասարակություններում պահեր կան, երբ քաղաքական տարակարծությունները փոխում են իրենց իմաստը։ Եվ այսօր մենք այստեղ ենք՝ Սենատի տարբեր հանձնաժողովների նախագահների հետ միասին՝ փաստելու այդ հանգամանքը։ Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի պես է բաբախում»,- ընդգծել է նա։

Լարշեն նշել է՝ Ծիեռնակաբերդում անցյալն արձագանքում է ներկային։

«Այն հարձակումը, որին վերջերս ենթարկվեցին հայերը, և որն ուղեկցվում էր ատելությամբ, բռնությամբ ու վայրագություններով, սրբավայրերի պղծմամբ և ավերմամբ, թող այստեղ գտնեն այն պատասխանները, որոնք մարտահրավեր են անցյալից։ Այդ դեպքում, երբ թվում էր, թե սպառնալիքը մարել է, այն կրկին բռնկվեց»,- ասել է նա։

Ըստ ֆրանսիացի գործչի` 1915-ից հետո բազմաթիվ հայեր ապաստան են գտել Ֆրանսիայում, և պատկերացնում են, թե որքան են պարտական այդ մարդկանց։

«20 տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Եվ մենք՝ եվրոպացի ֆրանսիացիներս երբեք չպետք է մոռանանք դա։ Մենք բոլորով միասին պետք է հիշենք մարդկային արժանապատվության և ժողովրդավարական արժեքների մասին։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է խոսքը նա։

Ֆրանսիայի Սենատի պատվիրակության կազմում են Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, «Հանրապետականներ» խմբակցության նախագահ Բրյունո Ռըտայոն, Սոցիալիստական խմբակցության նախագահ Պատրիկ Կանները, Ցենտրիստական խմբակցության նախագահ Էրվե Մարսեյը, Կոմունիստական խմբակցության նախագահ Էլիան Ասասին և Բնապահպանների խմբակցության նախագահ Գիյոմ Գոնտարը, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազը:Երևանում է նաև Ֆրանսիայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ժան-Բատիստ Լըմուանը։

Ընթերցեք նաև․ Մակրոն․ Հանուն արդարության և ճշմարտության պայքարը չի դադարի, քանզի այն միայն հայերինը չէ

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---