ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրությունում։

Այդպիսով նա կատարել է իր նախընտրական խոստումը։ Բայդենն ԱՄՆ երկրորդ նախագահն է Ռոնալդ Ռեյգանից հետո, որը կիրառել է «ցեղասպանություն» եզրույթը։

«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ով զոհ գնաց Հայոց ցեղասպանությանը և կրկին պարտավորվում ենք կանխել նման ոճիրների կրկնությունը։ 1915թ․ ապրիլի 24-ից ի վեր, երբ Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին հայ մտավորականները, 1․5 մլն հայ սպանվեց և բռնագաղթի ենթարկվեց։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մեծ Եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցածի սարսափները չկորչեն պատմության հորձանուտում»,- ասվում է Բայդենի ուղերձում, որ հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Նշվում է, որ վերապրած հայերի մեծ մասը ստիպված էր նոր տուն և նոր կյանք որոնել ամբողջ աշխահով մեկ, այդ թվում՝ ԱՄՆ-ում։

«Լինելով տոկուն և ուժեղ՝ հայ ժողովուրդը վերապրեց և իր համայնքը ստեղծեց։ Տասնամյակների ընթացքում հայ ներգաղթյալները հարստացրել են ԱՄՆ-ն բազում եղանակներով, սակայն, երբեք մոռացության չեն մատնել իրենց ողբերգական պատմությունը, որի հետևանքով նրանց նախնիներից շատերը հայտնվեցին Ամերիկայի ափերի մոտ։ Մենք հարգում ենք նրանց պատմությունը։ Մենք տեսնում ենք այդ ցավը։ Մենք սա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ նրա համար, որ դա երբեք չկրկնվի։

«Այսօր, երբ սգում ենք կորցրածի համար, եկեք մեր հայացքն ուղղենք դեպի ապագան՝ դեպի այն աշխարհը, որը ցանկանում ենք կառուցել մեր երեխաների համար: Աշխարհ՝ զերծ մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներից, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, և որտեղ մարդիկ կարող են արժանապատիվ ու ապահով կյանք վարել: Եկեք թարմացնենք մեր համատեղ վճռականությունը` կանխելու ապագա ոճրագործությունները աշխարհի ցանկացած կետում: Եվ եկեք հասնենք ապաքինման և հաշտեցման աշխարհի բոլոր մարդկանց համար:

Ամերիկացի ժողովուրդը հիշում է բոլոր այն հայերին, ովքեր զոհվել են 106 տարի առաջ այսօր սկսած Ցեղասպանության ժամանակ»,- ասվում է ուղերձում:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը և The New York Times-ը սեփական աղբյուրներին հղումով հայտնել էին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտնել է նրան, որ մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Ամեն տարի ապրիլի 24-ին կամ դրա նախօրեին Սպիտակ տունը հանդես է գալիս հայտարարությամբ հայ զոհերի Հիշատակի օրվա կապակցությամբ: Առ այսօր Սպիտակ տունը խուսափում է կիրառել «ցեղասպանություն» եզրույթը իր հայտարարության տեքստում՝ փոխարենը օգտագործելով «Մեծ Եղեռն», «աղետ», «ողբերգություն» բառերը: 2019-ի դեկտեմբերին ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ 2019-ի հոկտեմբերին բանաձև էր ընդունել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը։

Photo. AP
 Ուշագրավ
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին
Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ
Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ
---