ՀՅԴ․ Պայքարը շարունակվում է՝ մինչև Թուրքիան ընդունի իր պատասխանատվությունը և արդարացի հատուցի

ՀՅԴ․ Պայքարը շարունակվում է՝ մինչև Թուրքիան ընդունի իր պատասխանատվությունը և արդարացի հատուցի

PanARMENIAN.Net - ՀՅԴ Բյուրոն ողջունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը և հավելել, որ պայքարը շարունակվում է, մինչև Թուրքիան ընդունի իր պատմական պատասխանատվությունը և կատարի արդարացի հատուցում։

Հայտարարության մեջ նշվում է, որ 2021-ի ապրիլի 24-ը պատմական օր է հայության համար, որովհետև «Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի օրը, Ամերիկայի Միացյալ Նահանգների գործադիր իշխանությունը, հանձինս նախագահ Ջոզեֆ Բայդենի, պաշտոնապես վերահաստատել է Հայոց ցեղասպանության իրողությունը։ Այսպիսով, ԱՄՆ-ն անցավ այն բազմաթիվ երկրների շարքը, որոնց ո՛չ միայն օրենսդիր, այլ նաև գործադիր իշխանություններն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի գործածությունն այս օրերին հույժ կարևոր է նաև այն պատճառով, որ փաստացի գնահատական է տրվում Արցախյան վերջին՝ 44-օրյա պատերազմին ուղղակիորեն ներգրավված Թուրքիայի՝ 106 տարի առաջ կատարած ու առավել քան մեկ դար շարունակվող ցեղասպանական գործողություններին։

Արձանագրուած հաջողությունն արդյունքն է տասնամյակներ շարունակ ՀՅԴ ԱՄՆ մարմինների, Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների, և հազարավոր նվիրյալների «անդուլ, անխոնջ ու անկոտրում պայքարի»։

«Այն՝ արգասիքն է մեր մարմինների, գրասենյակների ու հանձնախմբերի հանդեպ ամերիկահայության հավատքի, հայության հետևողական աշխատանքի, Հայ Դատի ամերիկացի բարեկամների, աջակիցների ու քաղաքական գործիչների։

Հայության ոտնահարված իրավունքները պիտի՛ վերականգնվեն։ Հայաստանն ու հայությունն իրենց արժանի տեղը պիտի՛ ունենան ազգերի համաշխարհային ընտանիքում։ Հայությունը պիտի՛ ունենա անվտանգ ապրելու և արարելու հնարավորություն իր բնօրրանում։ Ուրեմն՝ դեպի նոր հաղջողություններ ու նոր հաղթանակներ»,- ասվում է ՀՅԴ հայտարարության մեջ։ ։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումը Օսմանյան կայսրությունում։

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---