26 ապրիլի 2021 - 10:27 AMT
Ինքնակամ ՔԿ ներկայացած սյունեցիներին կալանավորելու միջնորդությունները մերժվել են

Սյունիքում ապրիլի 20-ի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով անցնող ևս երեք անձի կալանավորելու միջնորդություն է մերժվել։ Որոշումները կայացրել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Վահագն Մելիքյանը, Վարդան Գրիգորյանը և Վահե Միսակյանը, տեղեկացնում է «Հետքը»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին և 21-ին եղել է Սյունիքի մարզում, որտեղ այցելել է Շուռնուխ, Ագարակ, Մեղրի ու Կապան։ Այցի ընթացքում քաղաքացիները վիրավորական արտահայտություններ, հայհոյանքներ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել։ Գորիսում անցկացված խորհրդակցության ժամանակ Փաշինյանն ասել է, որ ինքն ակնկալում է, որ իրավապահ մարմինները կոշտ կարձագանքեն տեղի ունեցածին։

Ապրիլի 24-ին փաստաբաններ Արթուր Մանուկյանը, Միքայել Շխիմյանը, Էդգար Թումասյանը և Լիանա Գասպարյանը 11 անձի ներկայացրել են Քննչական կոմիտե։ Վերջիններս, տեղեկություն ստանալով այն մասին, որ ոստիկաններն իրենց գտնվելու վայրն են ճշտել, ինքնակամ, փաստաբանների ուղեկցությամբ ներկայացել են վարույթն իրականացնող մարմնին, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1, 2 և 5-րդ կետերով ու 6-ին կալանավորելու միջնորդություններ ներկայացրել դատարան:

«Չկիսելով հայտնի բարձրաստիճան պաշտոնյայի «հեղինակավոր» կարծիքը՝ պնդում եմ, որ Սյունիքի մարզի իրադարձությունները կարող էին համապատասխանել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածին (վիրավորանք), սակայն այդ արարքը ապաքրեականացվել է դեռևս 2010-ին։ ՔՕ 25-րդ հոդվածով նախատեսված կամ այլ հանցակազմն ակնհայտորեն բացակայում է։ Վիրավորված հայտնի անձը կարող է դիմել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի օգնությանը»,- իր պաշտպանյալներին վերագրվող արարքի վերաբերյալ ասել է փաստաբան Արթուր Մանուկյանը։

Փաստաբան Լիանա Գասպարյանը հայտնել է, որ ինքնակամ Քննչական կոմիտե ներկայացած ևս մեկ անձի՝ Դավիթ Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը նույնպես մերժվել է։

Սյունիքում բողոքի ակցիաների ընթացքում տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ՝ խուլիագանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով։ Գործով մի խումբ անձինք, որոնց թվում՝ Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներ, տեղակալներ, բողոքի ակցիայի այլ մասնակիցներ բերվել են Քննչական կոմիտե, որտեղ նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու կամ խուլիգանություն կատարելը կազմակերպելու հոդվածներով։