26 ապրիլի 2021 - 13:51 AMT
«5165» ազգային շարժման առաջին համագումարում խոսել են նպատակների և գաղափարախոսության մասին

«5165» ազգային շարժումն ապրիլի 25-ին անցկացրել է իր առաջին համագումարը, որի ընթացքում ներկայացվել են շարժման նպատակները և գաղափարախոսությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Արարատ լեռան բարձրությունն անվանում ընտրած շարժումն ազգային ու պետականամետ ծրագրերով ու գաղափարներով մարդկանց համար է, որի նպատակն է միասնությամբ կերտել հզոր և կենսունակ Հայաստան։

Խոսելով «5165» շարժման ստեղծման կարևորության և նպատակների մասին, դրա հիմնադիր Կարին Տոնոյանն իր բացման խոսքում մասնավորապես ասել է․ «Շարժման նպատակն է համախմբել բոլոր այն նվիրյալներին, բոլոր այն արհեստավարժ հայորդիներին և ՀՀ քաղաքացիներին՝ անկախ ազգային պատկանելիությունից, որոնք շատ լավ հասկանում են այն իրավիճակը, որի մեջ գտնվում է մեր հայրենիքը, որոնք պատրաստ են համախմբելու և մեր երկիրը հանելու այս խորը ճգնաժամից, որոնք չեն ուզում մնալ առանց հայրենիք և համալրել այն ազգերի շարքը, որոնք կան, բայց հայրենիք չունեն: Մեր երկրի ապագան վտանգված է և մեր պարտքն է կանգնեցնել այդ վտանգը:

Մեզ դրել են մի իրավիճակում, որ մենք ստիպված ենք ընտրություն կատարել այնպիսի ուժերի միջև, որոնք երկիրը hասցրել են այս օրին և ուզում են հավատացնել ժողովրդին, որ ուրիշ ուժեր չկան, բայց այդ ուժերը կան: Նրանք այն մարդիկ են, ովքեր տարիներ շարունակ իրենց գործն են արել՝ համոզված լինելով, որ հայրենիքին ծառայում են գործ անելով»:

«5165» շարժման գաղափարախոսական հենքերի, ազգային նպատակի և երկրի զարգացման գործում կրթության դերի մասին է խոսել շարժման համահիմնադիր, միջազգային հարաբերությունների մասնագետ, ԵՊՀ դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Մենուա Սողոմոնյանը:

Շարժման համահիմնադիր Հովհաննես Ղազարյանն էլ անդրադարձել է պետական մտածողության և արդյունավետ կառավարմանն հիմնահարցերին։ Համահիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը էլ շեշտել է, որ շարժումն անհրաժեշտությունից է ծնվել։ Գրիգորյանը փաստել է, որ ինքը երբեք անձամբ չի ցանկացել մտնել քաղաքականություն, բայց հիմա մշակույթով պայքարը քիչ է, քանի որ երկիրն ուզում են խլել մեզնից։

Ելույթ են ունեցել նաև իրավաբան, տնտեսագետ Վարդան Քալանթարյանը, շարժման հիմնադիր անդամ, բժիշկ Գևորգ Թամամյանը, տնտեսական գիտությունների թեկնածու Աշոտ Պետրոսյանը։

«5165» շարժումն իր գործունեության մեկնարկն ազդարարել է ապրիլի 22-ին։ Այդ մասին հայտարարել է «Հայ Ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի տնօրեն, «Որդուս» հասարակական կազմակերպության տնօրեն, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը: Շարժմանը կարող է միանալ յուրաքանչյուր անհատ, ով կիսում է շարժման գաղափարները։