Արցախի ԿԳՄՆ․ Հունոտի կիրճը չեզոք գոտում է, հայտնի չէ՝ ումն է լինելու

Արցախի ԿԳՄՆ․ Հունոտի կիրճը չեզոք գոտում է, հայտնի չէ՝ ումն է լինելու

PanARMENIAN.Net - Արցախում գտնվող Հունոտի կիրճը պատերազմից հետո մնում է չեզոք գոտում, դեռևս հայտնի չի՝ համարվելու է մերը, թե՝ ոչ։ Այդ մասին հայտարարել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը՝ խոսելով ԱՀ վտանգված մշակութային ժառանգության մասին։

«Ազոխում պեղումների ժամանակ հայտնաբերվել էին ցուցանմուշներ, որոնք Ադրբեջանը տարել է։ Տիգրանակերտի պատմահնագիտական պետական արգելոց-թանգարանը թշնամու վերահսկողության տարածքում է։ Տողի մելիքական ապարանքը պատմամշակութային արգելոց է, Մելիք Եգանի ընդունարանը վերականգնված էր, ապարանքի տարածքում պեղումների ընթացքում արժեքավոր ցուցանմուշներ էին հայտնաբերվել»,- ասել է Ղարախանյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, նենգափոխելու ինստիտուիցիոնալ քաղաքականություն է վարվում: Նախարարը հավելել է, որ վտանգված է թշնամու վերահսկողության տակ գտնվող օկուպացված տարածքների մոտ 2000-ին հասնող պատմամշակութային և պատմաճարտարապետական հուշարձան:

Նախարարի խոսքով՝ թշնամու վերահսկողության տակ գտնվող օկուպացված տարածքներում է մնացել վանական 13 համալիր, 122 եկեղեցի, 52 ամրոց, 523 խաչքար, 4 մատուռ, դպրոցական 127 գրադարան 617,000 գրքով, շրջանային 3 գրադարան 68,398 գրքային ֆոնդով, 10 պետական և 2 մասնավոր թանգարան, որոնց հիմնական և գիտաօժանդական ֆոնդերում պահպանվում էր մոտ 20,345 ցուցանմուշ։

Խոսքը նաև Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանի մասին է, որտեղ 7680 ցուցանմուշ կար, այդ թվում՝ Արթուր Մկրտչյանի անձնական իրերը, Մեծ Թաղերում Խամփերյանցի անվան թանգարանի՝ 2195 ցուցանմուշով, Թևան Ստեփանյանի անվան տուն-թանգարանի՝ 50 նմուշով, Շուշիի պատմության թանգարանի՝ 5000 նմուշով, պրոֆեսոր Գաբրելյանցի երկրաբանական պետական թանգարանի՝ 403 նմուշով, Կերպարավեստի պետական թանգարանի՝ 673 ցուցանմուշով, որտեղ կային շատ հայտնի գործեր:

Նախարարը տեղեկացրել է, որ Շուշիի գորգերի թանգարանի հավաքածուի մի մասը տարհանվել էր, սակայն 860 նմուշ մնացել է:

Նա նշել է, որ Ադբեջանի կողմից այսօր երկու ուղղությամբ է արշավ տարվում՝ մի կողմից ուղղակի ոչնչացում են հուշարձանները, վտանգված են քաղաքական արժեք ներկայացնողները, երկրորդ՝ հուշարձանները ներկայացվում են որպես աղվանական:

«Կարծում եմ՝ մենք ունենք լավ գիտական, պատմական նյութ, ուղղակի պետք է ճիշտ, գրագետ քարոզվի, տեղեկատվական բոլոր հարթակներն օգտագործվեն, որպեսզի կարողանանք փրկել վտանգից: Դեկտեմբերի 21-ին նախատեսված էր ՅՈւՆԵՍԿՕ-ի խմբի այցն Արցախ մոնիտորինգի համար, բայց Ադրբեջանը խաթարել է»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ սա էթնոցիդ է, մեր ինքնությանը ուժեղ հարված է հասցվում:

«Այսօր սկսվել է երկրորդ եղեռնը՝ եղեռն եղեռնից հետո: Տարբեր ճանապարհներով՝ և խաղաղապահների միջոցով, և ԱԳՆ խողովակներով, և միջազգային կառույցների միջոցով փորձում ենք հասնել արդյունքի, բայց դեռևս չկա սաստող, միջազգային կառույցների կողմից կոնկրետ քայլեր, առարկայական, շոշափելի արդյունք մեր հուշարձանները պահպանելու, պաշտպանելու համար չկա»,- ասել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի նախարարը:

Մատենադարանում բացվել է «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովը: «Վտանգված ժառանգություն․ Արցախ» ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի որտգործնախարարությանը կից գործող Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի շրջանակում։ Այն բաց կլինի մինչև մայիսի 2-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---