Նախագահը՝ ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին․ ՀՀ-ն աջակցություն է ակնկալում գերիների շուտափույթ վերադարձի հարցում

Նախագահը՝ ԵԽ-ին և ԵԱՀԿ-ին․ ՀՀ-ն աջակցություն է ակնկալում գերիների շուտափույթ վերադարձի հարցում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին և Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին՝ ընդգծելով, որ Հայաստանն աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:

Նա ընդգծել է, որ 2020-ը Հայաստանի համար դժվար տարի էր ոչ միայն կորոնավիրուսի, այլև շատ ավելի ծանր՝ սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի պատճառով։

«Պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք են գերեվարվել, նրանք ենթարկվում են խոշտանգումների և արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից»,-նշել է նա:

Հայաստանի նախագահը չափազանց կարևոր է համարել, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:

Այս համատեքստում Սարգսյանը մատնանշել է ՄԻՊ-ի կողմից իրականացվող աշխատանքը և փաստահավաք գործունեությունը, որը միջազգային ատյաններում մշտապես բարձրաձայնում է հայկական կողմի մտահոգությունների ու առկա խնդիրների մասին:

Նշելով, որ Հայաստանը բոլոր գերիների շուտափույթ վերադարձի հարցում աջակցություն է ակնկալում միջազգային գործընկերներից՝ Հայաստանի նախագահը դիմել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին և Եվրոպայի խորհրդին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին և կազմակերպությանը՝ կոչ անելով միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար:

Ներկայումս Ադրբեջանը մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ շարունակում է մերժել և խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---