Առաջարկ. Քրեականացնել քարոզարշավին խոչընդոտելը

Առաջարկ. Քրեականացնել քարոզարշավին խոչընդոտելը

PanARMENIAN.Net - Խորհրդարանն ապրիլի 28-ի արտահերթ նիստում քննարկել է ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած օրենսդրական փաթեթը, որով նախատեսվում է քրեականացնել քարոզարշավին խոչընդոտելը։

Ըստ պատգամավորի՝ դա նշանակում է, որ քարոզչությանը կամ քարոզարշավին խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության։

Պատգամավորը ներկայացրել է «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» և ««ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Հեղինակը տեղեկացրել է, որ առաջարկվող կարգավորումներն առավել ամբողջական ներկայացված են Ընտրական օրենսգրքի բարեփոխման մեջ: Քանի որ ԸՕ-ի փաթեթը որոշ զարգացումների պատճառով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավոր է ուժի մեջ մտած չլինի, մինչև գալիք ընտրությունների մեկնարկն անհրաժեշտ փոփոխություններն առանձին նախագծերի տեսքով առանձնացվել են:

Ընտրական գործընթացների խոչընդոտման դրույթում որպես ծանրացուցիչ նորմ նախատեսվում է տեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելու հետևանքը: Քարոզարշավը խոչընդոտելու դեպքում քրեական պատասխանատվություն կնախատեսվի: Մյուս կարգավորումը վերաբերում է տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքի մոտ բռնություն գործադրելուն կամ բռնություն գործադրելու սպառնալիքին:

Հարակից զեկուցող, արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը քննարկվել է աշխատանքային կարգով: Կառավարության կողմից ներկայացվել են առաջարկներ, որոնք ձեռք բերված պայմանավորվածությամբ պետք է քննարկվեն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո:

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։ ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 3-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---