Ռազմարդյունաբերական համալիրին կից գիտկենտրոն ստեղծելու առաջարկը բացասական եզրակացություն է ստացել

Ռազմարդյունաբերական համալիրին կից գիտկենտրոն ստեղծելու առաջարկը բացասական եզրակացություն է ստացել

PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրին կից գիտական կենտրոն ստեղծելու «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը;

Խմբակցությունը հեղինակել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը, գրում է «Առավոտը»։

Ըստ դրա՝ այդպիսի գիտական կենտրոնի աշխատանքը կբխի պետության ու բանակի կարիքներից։

«Նրանք, ովքեր բակալավր ընդունվելիս կկնքեն պայմանագիր և կհամաձայնեն, որ հետագա ամբողջ ներուժը ծառայեցնելու են բանակին, կստանան տարկետում, իսկ մագիստրատուրան և ասպիրանտուրան կանցնեն ռազմարդյունաբերական համալիրին կից կենտրոնում։ Օրինակ, եթե մեզ պետք է ԱԹՍ, դրա համար կգրվեն նոր ծրագրեր, կիրականացվի մոդիֆիկացիա։ Այսինքն, առաջարկում ենք ստեղծել հարթակ, որում ամբողջ գիտական ներուժը կծառայի բանակին և պետության շահերին»,-ներկայացնելով օրինագիծը՝ ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։

Նրա փոխանցմամբ՝ ուսումնառության ընթացքում նախատեսվում են նաև զինվորական պատրաստության հատուկ դասընթացներ, իսկ ուսանողները կստանան կրտսեր սպայական կոչումներ, որպեսզի գիտական ներդրումը կարողանան մարտի դաշտում օգտագործել։

Կառավարության եզրակացությունը, սակայն, դրական չէր: ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ դեռևս 2018-ից ՊՆ համակարգում գործում է գիտական վաշտ, որտեղ ծառայություն են իրականացնում երիտասարդ մասնագետները:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացավ բացասական եզրակացություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---