Նախագահը՝ ԿԽՄԿ-ին․ Բաքուն թաքցնում է գերիների իրական թիվն ու խոչընդոտում վերադարձին

Նախագահը՝ ԿԽՄԿ-ին․ Բաքուն թաքցնում է գերիների իրական թիվն ու խոչընդոտում վերադարձին

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Փիթեր Մաուրերին՝ ակնկալելով կոմիտեի աջակցությունն Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցում:

Նախագահը նամակում նշել է, որ, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ, ներկայումս Ադրբեջանը թաքցնում է հայ ռազմագերիների և պատանդների իրական թիվը, և շարունակում է մերժել ու խոչընդոտել պատանդառնված քաղաքացիական անձանց և ռազմագերիների վերադարձին։

Նախագահ Սարգսյանը նամակում մասնավորապես ընդգծել է, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած և Թուրքիայի ակտիվ աջակցությամբ ու ուղիղ մասնակցությամբ իրականացված պատերազմի ընթացքում և դրանից հետո մի քանի հարյուր հայ զինծառայողներ և քաղաքացիական անձինք են գերեվարվել, որոնք ենթարկվում են խոշտանգումների և արժանանում անմարդկային վերաբերմունքի Ադրբեջանի կողմից:

«Այսօր Արցախում հումանիտար իրավիճակին անդրադառնալն առաջնային խնդիր է, և միջազգային հանրության կողմից հրատապ ուշադրություն է պահանջվում: Միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երկրները, միջազգային կազմակերպությունները, անհատներ պետք է համարժեք գնահատական տան Ադրբեջանի գործողություններին:

Համաձայն հրադադարի մասին 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության՝ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել բոլոր ռազմագերիներին: Այնուամենայնիվ, չափազանց կարևոր է, որ գերության մեջ գտնվող բոլոր ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակումն իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքի կիրառմամբ, որն արհամարհվում է Ադրբեջանի կողմից:

Դիմում եմ Ձեզ և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին` միջազգային մարդասիրական իրավունքի համապատասխան ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները` ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը և անվտանգ վերադարձն ապահովելու համար»,-ասվում է Սարգսյանի նամակում։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, կարևորելով միջազգային ակտիվությունը հայ գերիների վերադարձի հարցում, ապրիլի 29-ի կառավարության նիստում հայտարարել է, որ դա լավատեսություն է ներշնչում, որ այս հարցում կլինեն կոնկրետ արդյունքներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---