30 ապրիլի 2021 - 12:52 AMT
Ղրղզստանը և Տաջիկստանը պայմանավորվել են դադարեցնել կրակը. Ղրղզները նոր կրակոցների մասին են հայտնել

Ապրիլի 28-ին Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին հրազենի կիրառմամբ տեղի ունեցած բախումը տեղաբնակների միջև ջրային ռեսուրսների պատճառով, որին հետո միացել են զինվորականները, ապրիլի 29-ի երեկոյան հաջովել է կասեցնել։ Կողմերը համաձայնության են եկել կրակը դադարեցնելու մասին, գրում է ՏԱՍՍ-ը։

Բախումը սկսվել է Իսֆարա գետի «Գոլովնոյ» ջրաբաշխիչ կետի մոտ, որը երկու երկիրը համարում են իրենց տարածքը։ Տաջիկները փակել էին ճանապարհը, որը միացնում է Ղրղզստանի երկու շրջանը, իսկ ղրղզական կողմը փակել էր տաջիկական Վորուխ անկլավի ճանապարհը։

Ապրիլի 30-ին Ղրղզստանից հայտնել են, որ փոխհրաձգությունը Լեյլեկի շրաջնում՝ Տաջիկստանի հետ սահմանին վերսկսվել է։ Տաջիկստանը հերքել է այդ տեղեկությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է 13 զոհի, 134 տուժածի մասին։ Տաջիկստանը հայտնել է 8 զոհի և 110 տուժածի մասին։

Կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում։ Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են սահմանագոտու համատեղ պարեկության մասին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ հակամարտությունը պետք է լուծել խաղաղ ճանապարհով և հավելել, որ դրա համար «ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները»։

Ղրղզստանը և Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ են։