30 ապրիլի 2021 - 14:36 AMT
Պետրոսյան․ Հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղորոշում չի կայացվում

Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանում այսօր հանքարդյունաբերության ոլորտում որևէ քաղաքական որոշում չի կայացվում։ Այդ մասին ասվում է նախարարի պաշտոնակատրի ֆեյսբուքյան էջում։

Լոռու մարզում հանքարդյունաբերության ոլորտի վերջին զարգացումներից ելնելով՝ զբոսաշրջության ոլորտի մի շարք ներդրողներ հանդիպելու ցանկությամբ էին հանդես եկել՝ քննարկելու հանքարդյունաբերությունից բխող խնդիրները և դրանց հնարավոր ազդեցությունը մարզում իրականացվող ներդրումների վրա։

Պետրոսյանը լսել է ներկաների մտահոգությունները, քննարկել՝ ինչ կարելի է անել՝ տնտեսվարողների և շրջակա միջավայրի պահպանությամբ մտահոգ հանրության շահերը բալանսավորելու ու Լոռու մարզի բնապահպանական կայունությունն ապահովելու ուղղությամբ։

Նա խոսեել է նաև ոլորտը կարգավորող օրենսդրական բացերի և Շրջակա միջավայրի նախարարության կողմից իր նշանակումից ի վեր մեկնարկած օրենսդրական բարեփոխումների մասին։

«Այս պահին մշակում ենք ՇՄԱԳ նոր օրենքի նախագիծ,փոփոխություն ենք կատարում անտառային, ջրային, հողային օրենսգրքերում, կանոնակարգում ենք բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու գործընթացը։

Վստահեցրեցի, որ իշխանությունների որդեգրած քաղաքական ուղեգիծը միանշանակ է ու անբեկանելի. մեզ համար բացարձակապես անընդունելի է անօրինականության ցանկացած դրսևորում։ Եվ ես՝ ՀՀ օրենսդրությամբ ինձ վերապահված գործառույթների շրջանակում հետևողական եմ լինելու օրինականության ամրապնդմանը և բնապահպանական խնդիրներն ի շահ քաղաքացու լուծմանը»,-գրել է Պետրոսյանը։

Նախարարի պաշտոնակատարը Լոռու մարզում զբոսաշրջության ոլորտի ներդրողներին խնդրել է շարունակել ծավալել իրենց ներդրումային ծրագրերը, հստակ գույքագրել մարզում հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները, մշակել դրանց լուծմանն ուղղված առաջարկներ և առաջիկայում հենց Լոռու մարզում՝ իրենց ղեկավարած հյուրատներից մեկում, ոչ ֆորմալ մթնոլորտում ավելի լայն շրջանակով քննարկել առաջիկա անելիքները՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում։

Ավելի վաղ Լոռու մարզի Մարգահովիտ և մի քանի այլ համայնքների բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ բողոքելով մոտակայքում պղնձի հանք շահագործելու ծրագրին։ Հայտնի էր դարձել, որ ներկայացվելու է «ՀՀ Լոռի մարզի Հանքաձորի հանքային դաշտում 2021-2024 թթ. նախատեսվող երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների կատարման ծրագիր և շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման» հայտը և նախատեսվում են քննարկումներ: