30 ապրիլի 2021 - 15:32 AMT
Միքայել Մինասյանը չի մասնակցի ԱԺ արտահերթին

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ չի մասնակցելու հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ Հայաստանում հաստատված աղետն ու ճգնաժամը ընտրություններից հետո ոչ միայն չեն հանգուցալուծվելու, այլ ավելի են խորանալու։

«Հայաստանն այսօր կարիք ունի լռության, քրտնաջան աշխատանքի ու համերաշխության։ Մինչդեռ Նիկոլի նախընտրական անբովանդակ ղժղժոցն ու ստի վրա կառուցած «ձայնաորսը», ինչի ականատեսն ենք արդեն, ավելի են խորացնելու խարխափող երկրի խնդիրները, ավելի են բևեռացնելու հասարակությունն ու խորացնելու են ներքաղաքական ճգնաժամը»,-ասվում է գրառման մեջ։

Մինասյանը նշել է նաև, որ չի առաջադրվելու ընտրություններին, բայց «շարունակելու է կռվել»։ Նա կոչ է արել իր համախոհներին գնալ ընտրության և չընտրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Ես ընտրելու եմ այն ուժին, որը Հայաստանին պարգևելու է խաղաղություն, հանրային համերաշխություն և լավ կյանքի հույս։ Գնացեք ընտրության, եթե անգամ այդ ուժի հետ ունեցել եք կամ ունեք հակասություններ։ Արեք ձեր ընտրությունը ինչպես ես եմ դա անում՝ խոնարհությամբ, գիտակցված և հստակ իմանալով ում չպետք է ընտրել։ Մենք պարտավոր ենք չկործանվել»,-ասվում է նրա գրառման մեջ։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։ ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցը քննարկվելու է մայիսի 3-ին։