30 ապրիլի 2021 - 15:49 AMT
ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից յուրացման և վատնման դեպքեր են բացահայտել

ԱԱԾ-ն պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից կատարված յուրացման և վատնման դեպքեր է բացահայտել։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Կ.Հ-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր մտերիմ Հ.Խ-ին, նրա կնոջը՝ Ա.Բ-ին, նրա եղբորը՝ Ա.Դ-ին, իր ծանոթներ Վ.Բ-ին և Ֆ. Բ-ին 2019-ի հոկտեմբեր ամսից ընդունել է աշխատանքի տարբեր հաստիքներում և տեղյակ լինելով նրանց աշխատանքի չհաճախելու մասին՝ հաստատել և վավերացրել է կազմակերպության հաստիքացուցակները, որոնցում այդ անձինք ձևակերպված են եղել որպես կազմակերպության աշխատողներ:

Արդյունքում նշված անձանց անվամբ անհիմն դուրս է գրվել մոտ 9,200,000 դրամ գումար. այդ կերպ Կ.Հ-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ նշված գումարը։

Նույն պաշտոնատար անձ Կ.Հ-ն առանց համապատասխան փաստաթղթերի ձևակերպման, կազմակերպության տարածքում գտնվող երկհարկանի շինության մոտ 250 քմ մակերեսով տարածքը 2019-ի հոկտեմբերին, ամսական 80,000 դրամ վարձավճարով, տրամադրել է Վ.Բ-ին և Ֆ.Բ-ին՝ կահույքի արտադրություն կազմակերպելու համար, որի դիմաց վերջիններս մինչև 2021-ի ապրիլ ամիս Կ.Հ-ին վճարել են պայմանավորված գումարը, որը նա չի մուտքագրել կազմակերպության դրամարկղ և յուրացման եղանակով հափշտակել է մոտ 1,400,000 դրամ գումարը։

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով վատնում և խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: