Փաշինյան․ Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է

Փաշինյան․ Արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կազանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին իր ելույթում ասել է, որ արդյունաբերությունը ԵԱՏՄ տնտեսական համակարգի շարժիչ ուժերից է։

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հակիրճ անդրադարձել է Միության համար ակտուալ որոշ հարցերի։

Նա նշել է, որ ԵԱՏՄ գործունեությունն առաջ է ընթանում նոր գլոբալ մարտահրավերների ֆոնին, որոնք էապես չեզոքացնում են միջպետական ինտեգրման էֆեկտները։ Դա և՛ համավարակի հետևանքով առաջացած սահմանափակումներն են, և՛ ամբողջ համաշխարհային տնտեսության՝ ժամանակային առումով համընկած կամ անմիջապես հաջորդած վերափոխումը, որտեղ բարձր տեխնոլոգիաները գնալով ավելի պահանջված են դառնում:

«Ինտեգրման արդիական խնդիրների լուծման տեսանկյունից կցանկանայի առանձնացնել այսօր դիտարկվող փաստաթուղթը՝ մինչև 2025-ը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Կարծում եմ՝ ավելորդ չի լինի ևս մեկ անգամ արձանագրել, որ արդյունաբերության ոլորտը Միության տնտեսական համակարգի գլխավոր շարժիչ ուժերից է: Կարևոր ենք համարում արդյունաբերական համագործակցության խորացմանն ու ազգային արդյունաբերական քաղաքականությունների համակարգմանը միտված աշխատանքների շարունակումը:

Անկասկած, մենք նաև շահագրգռված ենք ԵԱՏՄ-ում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմամբ՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:

Փաստաթղթի ամենակարևոր ուղենիշերից է արդյունաբերության նորարարական զարգացման և թվային փոխակերպման համատեղ խթանումը:

Վստահ եմ, որ Ռազմավարական ուղղությունների իրագործումը հեռանկարում թույլ կտա մեզ հասնել համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության և, այլ միջոցառումների հետ համատեղ, կծառայի Միությունում արտադրվող ապրանքների մրցունակության բարձրացմանը»,-ասել է նա:

Հաստատվել են մինչև 2025 թվականը ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները: Անդրադարձ է եղել տիեզերական ծառայությունների ոլորտում համագործակցության հեռանկարներին։ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները քննարկել են նաև օրակարգային այլ հարցեր։

Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև ստորագրվել են Հուշագիր փոխգործակցության մասին և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը:

Նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---