3 մայիսի 2021 - 10:22 AMT
Թանդիլյան․ Արցախում «ճգնաժամային» խնդիրները լուծված են, առկա բնակֆոնդն ամբողջը զբաղված է

Արցախում «ճգնաժամային» և «վառվող» խնդիրների լուծումը տրված է: Այդ մասին հայտարարել է Արցախի Աշխատանքի, սոցիալական ու միգրացիայի նախարար Մանե Թանդիլյանը Դիլիջանում, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության կողմից կազմակերպված՝ «Գործընկերություն հանուն Արցախի» քննարկման ավարտից հետո։

«Արցախում գոյություն ունեցող բնակֆոնդն ամբողջապես զբաղված է։ Շեշտադրումը այժմ դնում ենք գյուղական համայնքների վրա, որպեսզի այնտեղ վերականգնենք լքված տները եւ բոլոր նրանք, ովքեր բնակվում էին գյուղական համայնքներում, վերադառնան բնակվելու»,-ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»:

Նա հավելել է, որ հիմնական խնդիրն այսօր կացարանային հարցերն են, կան տարբեր ծրագրեր՝ խոսվում է մինչև 3 տարվա ընթացքում բոլոր տեղահանվածներին տներով ապահովելու մասին:

Ըստ Թանդիլյանի` Արցախի կառավարությունը ՀՀ կառավարության հետ համատեղ մի քանի ծրագիր է իրականացրել` առավելապես արագ, հրատապ աջակցություն ցուցաբերելու համար և ֆինանսական ուղիղ աջակցություն է հատկացրել արցախցիներին:

«Բնականաբար պարենային աջակցություն էլ է եղել, հագուստի, տաք իրերի, տաքացուցիչների, կահույքի, բայց պետք է նշենք, որ կառավարության շեշտադրումը եղել է ուղիղ ֆինանսական աջակցությունը և հենց այս պահին էլ գործում է 68 հազար դրամների ծրագիրը, որով 4 ամիս շարունակ արցախցիները, բացառությամբ 18-ից 63 տարեկան աշխատունակ տղամարդկանց, ստանալու են այդ աջակցությաունը»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղում մեկնարկել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները։ Կարմիր շուկա համայնքում տեղահանվածների համար ավելի քան 100 բնակարան կկառուցվի: