3 մայիսի 2021 - 12:13 AMT
Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա․ Պատերազմի մասին որոշ հարցերի է պատասխանել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է որպես վկա՝ 44-օրյա պատերազմի մասին որոշ հարցերի պատասխանելով։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Որպես վկա հարցաքննվել եմ ԱՀ դատախազության քննիչների կողմից՝ ԱՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով։

Հաշվի առնելով տվյալ գործի կարևորությունը՝ հայտնել եմ հնչեցված հարցերի վերաբերյալ իմ ունեցած ամբողջ տեղեկությունները և վերահաստատել պատրաստակամությունս հետագայում եւս վարույթին օրենքով սահմանված կարգով մասնակցելու վերաբերյալ։

Հասկանալով մեր հայրենիքի կյանքի կարևորագույն ժամանակահատվածին՝ 44-օրյա պատերազմին վերաբերող իրադարձությունների բուն ընթացքն ու պատճառահետևանքային կապերը բացահայտելու հանրային պահանջը՝ առաջիկայում իմ իրական լիազորությունների ու իրազեկվածության սահմաններում նաև հանրայնորեն կներկայացնեմ որոշ հարցերի պատասխաններ»,-ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմին, ասել էր, որ հոկտեմբերի սկզբին պատերազմը կանգնեցնելը ՀՀ քաղաքական ուժերը դավաճանություն էին համարում։ Նա հավելել է, որ իր համար պատերազմի հետևանքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, իսկ հայաստանյան քաղուժերը պատերազմը կանգնեցնելու հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել։