Մարուքյան. Ընտրություններ կազմակերպելով իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում

Մարուքյան. Ընտրություններ կազմակերպելով իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում

PanARMENIAN.Net - ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ընտրություններ կազմակերպելով իշխանությունը որևէ մեկին լավություն չի անում։

Ըստ նրա՝ իշխանության շահարկումները, թե իրենք վարչապետ կընտրեն, եթե քաղաքական ուժերը որևէ պայման խախտեն, անլուրջ են։ Նրա խոսքով՝ այդ դեպքում չի լուծվի քաղաքական ճգնաժամը, և կշարունակի տեղի ունենալ այն, ինչ տեղի է ունենում մի քանի ամիս շարունակ, գրում է Panorama.am-ը։

«Ինչպես տեսաք՝ այս փուլում մենք կարող էինք առաջադրում անել, բայց չենք արել։ Մենք ժողովրդին ենք խոսք տվել, որ այս ԱԺ-ն արձակելու ենք, մենք (վարչապետի պաշտոնակատար Նիկոլ) Փաշինյանին ոչինչ խոսք չենք տվել»,- նշել է նա։

Այն հարցին, թե արդյո՞ք Փաշինյանի կողմից վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար լինելը հակասահմանադրական չէ, և այդպիսով ԼՀԿ-ն ևս մասնակցություն չի ունենում այդ հակասահմանադրական գործողություններին՝ Մարուքյանը պատասխանել է․ «Մեր Սահմանադրությունն այնպես, ինչպես գրված է, Խորհրդարանը արձակելու այլ հնարավորություն չի տալիս։ Ես համաձայն չեմ այդ տեսակետի հետ։ Եթե այդպես է, 2018-ին ինչու էր Խորհրդարանը լուծարելը սահմանադրական, ինչու հիմա սահմանադրական չէ։

Նա նկատել է, որ այս իշխանությունը հեղափոխությունից հետո չի փոխել «հիվանդ քաղաքական համակարգը»։

«Իրենք կարգախոս են ընտրել հետևյալը՝ «Ապագա կա»։ Հայաստանում երբեք այդ հարցը չի առաջացել՝ ապագա կա, թե ոչ։ Հիմա իրենք պետք է իրենց հարց տան, այս 3 տարվա մեջ իրենք ինչպես են աշխատել, որ ապագան դարձել է հարցական։ Բայց դրական բաներ այս 3 տարիների ընթացքում ևս եղել են, օրինակ կենցաղային մակարդակում կոռուպցիան նվազել է»,- նշել է նա, ապա հավելել, որ ԼՀԿ-ն դեռ կարգախոս չի ընտրել։

Ըստ Մարուքյանի, նախկին իշխանությունները վերջին շրջանում իրենց գործողություներով և ընտրություններին իրենց մասնացությամբ ուժեղացնում են Նիկոլ Փաշինյանին։

«Եթե նրանք մի կողմ քաշվեն, այս իշխանությունները կպարտվեն ընտրություններում, որովհետև Նիկոլ Փաշինյանն ունի 15% ընտրող, մնացած ընտրողները նրանք են, ովքեր չեն ցանկանում, որ նախկինները գան։ Այս հատվածը ընտրելու է Նիկոլ Փաշինյանին, որ նախկինները չգան։ Ուստի եթե նախկինները չմասնակցեն այս ընտրություններին, մենք կհաղթենք այս ընտրություններում»,- կարծիք է հայտնել ԼՀԿ ղեկավարը։

Փաշինյանն ԱԺ-ում հայտարարել է, որ եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, եթե ինչ-որ պահի ինչ-որ ուժեր փորձեն երկրորդ փուլում այլ սցենար զարգացնել, ապա կա պատրաստի լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---