Սիրիացի ահաբեկիչները ցմահ ազատազրկվել են

Սիրիացի ահաբեկիչները ցմահ ազատազրկվել են

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում՝ դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակել է Սիրիայի քաղաքացիներ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի ու Յուսեֆ Ալաբեդ ալ-Հաջիի նկատմամբ հարուցված քրեական գործով դատական վճիռը, որով վերջիններս դատապարտվել են ցմահ ազատազրկման: Այդ մասին տեղեկացրել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, հայտնում է «Արմենպրեսը»։

Սիրիայի քաղաքացիները դատապարտվել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում որպես վարձկան-ահաբեկիչներ ներգրավվելու համար:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջին, չհանդիսանալով Ադրբեջանի քաղաքացիներ, մշտապես չբնակվելով դրա տարածքում, ընդգրկված չլինելով Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմում, այլ հանդիսանալով Սիրիայի քաղաքացիներ, Սիրիայի կամ այլ պետության կողմից ուղարկված չլինելով Ադրբեջանի զինված ուժերի կազմում պաշտոնեական պարտականություններ կատարելու համար, նյութական հատուցում ստանալու դիմաց, կազմակերպված խմբի կազմում մասնակցել են Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմին, որի ընթացքում նրանց գործողություններն ուղղված են եղել Հայաստանի և Արցախի տարածքում քաղաքացիական անձանց և զինված ընդհարման ժամանակ ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող անձանց ոչնչացնելուն կամ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն, իսկ այդ գործողությունների նպատակն իրենց բնույթով և էությամբ ուղղված են եղել խաղաղ բնակչությանն ահաբեկելուն՝ ապակայունացնելով Արցախի և Հայաստանի ներքին վիճակը:

Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 389-րդ հոդվածով, 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 34-390-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով:

Մեղադրական եզրակացությամբ հիմնավորվել է միջազգային մի շարք, մասնավորապես` «Սուլթան Սուլեյման Շահ», «Սուկուր, «Համզա», «Սուլթան Մուրադ» և այլ նմանատիպ անդամ հանդիսացող ևս ավելի քան 30 վարձկանի կողմից սանձազերծված պատերազմին ներգրավվելու, ինչպես նաև նրանց կողմից տարբեր պատերազմական հանցագործություններ կատարելու հանգամանքը: Հետախուզման մեջ է ինքնությունը պարզված ավելի քան 30 վարձկան:

Իրավապահները պարզել են նաև միջազգային ահաբեկչական այդ խմբավորումներից մեկի ղեկավարի ինքնությունը, հիմնավորվել է նրա կողմից խաղաղության, մարդկության անվտանգության դեմ հանցագործությունների փաստը:

Պարզվել է «Սուլթան Սուլեյման Շահ» միջազգային ահաբեկչական խմբավորման պարագլուխ-ղեկավար Աբու Համշա մականվամբ Մուհամադ ալ Ջասիմի ինքնությունը, որն ազգությամբ արաբ է, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի: Վարույթ իրականացնող մարմինը ներգրավել է նրանց որպես մեղադրյալ, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Աշխատանքներ են տարվում նրանց հայտնաբերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

 Ուշագրավ
Վարորդները նշել են, որ արդեն տևական ժամանակ է իրենց վառելիք չի տրամադրվում
«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը