ԱՄՆ Կոնգրեսականները Բարակ Օբամային եւս մեկ անգամ հիշեցրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստումի մասին

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցի նախաշեմին կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենկ Պալլոունը եւ Մարկ Կիրկը ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային նամակ են հղել, որում նրան հիշեցրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումի մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է Ադամ Շիֆի մամլո քարտուղար Շոն Օբլակը: «Իր կարիերայի ընթացքում Բարակ Օբաման այդ հարցում ընկալում է դրսեւորել եւ բացեիբաց խոսել ցեղասպանությունների ողբերգության մասին: Մենք ողջունել ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նրա` որպես սենատորի պատրաստակամությունը, եւ այդ հարցի վերաբերյալ նրանից նույնանման դիրքորոշում ենք ակնկալում նաեւ այժմ»,- նշել է կոնգրեսական Շիֆը:



Ջորջ Ռադանովիչն իր հերթին նշել է, որ մի քանի տարի շարունակ ԱՄՆ նախագահներն անկախ կուսակցական պատկանելությունից «արջի ծառայություն» են մատուցել Թուրքիային` հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Որպես ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչ եւ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի հեղինակ` ես ողջունում եմ պատմական ճշմարտությունը ճանաչելու հարցում Բարակ Օբամայի հավատարմությունը եւ անհամբերությամբ սպասում եմ Հայոց ցեղասպանության ճանաչմանը նրա` որպես ԱՄՆ նախագահի կողմից»,- ընդգծել է Կոնգրեսական Ռադանովիչը:



«Որպես ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի Աջակցության խմբի համանախագահ` ես հուսով եմ, որ ո'չ նախագահը, ո'չ էլ Կոնգրեսը չեն կասկածի եւ բաց ու ազնվորեն կճանաչեն անցյալի իրադարձությունները»,- իր հերթին նշել է կոնգրեսական Ֆրենկ Պալլոունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---