Լավրով․ ԼՂ-ում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են

Լավրով․ ԼՂ-ում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են

PanARMENIAN.Net - Այցով Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սահմանների հետ կապված հարցերը լուծելի են՝ չնայած դրանց ամբողջ բարդությանը։ Այդ մասին Լավրովն ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հտ հանդիպմանը։

«Մենք երախտապարտ ենք մեր խաղաղապահների դերի բարձր գնահատականի համար։ Ամեն ինչ անելու ենք, որպեսզի, ինչպես դուք ընդգծեցիք, բոլորը ելնեն նրանից, որ ռազմական ասպեկտները փակված են»,- ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա հավելել է, որ այժմ հարկավոր է «գետնի վրա» զբաղվել դետալներով։

«Դա և սահմանազատումն է, և սահմանագծումը։ Ամեն ինչ հեշտ չէ, բայց, մեր համոզմամբ, ամեն ինչ լուծելի է։ Ռազմական փորձագետները, դիվանագետների մասնակցությամբ, կարող են պայմանավորվել փոխընդունելի լուծումների մասին»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարի այցը Բաքու մեկնարկել է մայիսի 10-ին։ Դրանից առաջ հայտարարվել էր, որ քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում և նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։

Մայիսի 5-6-ին Լավրովը ՀՀ-ում էր, որտեղ հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարարի ԺՊ Արա Այվազյանի հետ։ Փաշինյանի հետ հանդիպմանը Լավրովը վստահություն էր հայտնել, որ մոտ ժամանակներս Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի խնդիրը հնարավոր կլինի լուծել։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---