ԱԱԾ. Բարձրաստիճան զինվորականը գումարի դիմաց պետգաղտնիք է փոխանցել Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան տարածքում

ԱԱԾ. Բարձրաստիճան զինվորականը գումարի դիմաց պետգաղտնիք է փոխանցել Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան տարածքում

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվել է բարձրաստիճան զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը:

Բարձրաստիճան զինվորականը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրգործով որպես մեղադրյալ ներգրավված զինվորականը ծառայության մեջ գտնվելու ընթացքում ի պաշտոնե իրավունք է ստացել առնչվելու պետական և ծառայողական գաղտնիքին դասվող տեղեկությունների և այդ տեղեկությունները պարունակող փաստաթղթերի հետ:

Հիշյալ անձը տարիներ առաջ գտնվելով Վրաստանի տարածքում՝ հայտնվել է այդ երկրում գործունեություն ծավալած ադրբեջանական հետախուզական ծառայությունների տեսադաշտում և հավաքագրվելով ստացել է կոնկրետ առաջադրանքներ, հանձնելու նպատակով հավաքել և իր մոտ պահել ՀՀ և Արցախի արտաքին անվտանգության, ԶՈւ, սպառազինությունների մասին տեղեկություններ, օտարերկրյա պետության ներկայացուցիչներին փոխանցել ծառայության բերումով իրեն հասանելի դարձած փաստաթղթեր ու տեղեկություններ, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար ցույց տվել այլ օգնություն:

Ունենալով ֆինանսական խնդիրներ և նպատակ ունենալով պետական դավաճանություն կատարելու եղանակով ստանալ նյութական օգուտներ՝ թշնամական գործունեությամբ զբաղվող ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներից ընդունել է վարձատրության դիմաց, ի վնաս ՀՀ և Արցախի տարածքային անձեռնմխելիության ու արտաքին անվտանգության, հանցավոր գործունեություն իրականացնելու առաջարկը։

Իր հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով հավաքել և իրեն պատկանող առանձնատանը պահել է ՀՀ և Արցախի զորամասերի, դրանց տեղակայման վայրերի, նշանակության, ստորաբաժանումների կազմի, սպառազինության և ռազմական տեխնիկայի քանակների ու տեսակների, մարտական զորավարժությունների անցկացման ռադիոտվյալների, պայմանականչերի, ռադիոցանցերի, ռադիոուղղությունների, կապի պլանների, հայկական բանակային կորպուսների դիմաց առկա թշնամական ուժերի, ինչպես նաև հայկական կողմի մոտ առկա Ադրբեջանի ԶՈՒ, զորամասերի, միավորումների, ստորաբաժանումների, մարտական զրահամեքենաների, հրետանու, ականանետերի, հակատանկային միջոցների, զորային հակաօդային պաշտպանության միջոցների, դրանց տեսակների, քանակի, ՀՀ ԶՈւ-ում ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող փաստաթղթեր և տվյալներ:

Ավելին, օգտագործելով ՀՀ ԶՈւ և Արցախի ՊԲ սպայական անձնակազմի շրջանում իր ունեցած հարաբերությունները, պարբերաբար հանդիպումներ է ունեցել վերջինների հետ և հետաքրքրություններ ցուցաբերել Արցախի ՊԲ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվող կոնկրետ գործողությունների և հրետանու ընդհանուր գործունեության վերաբերյալ, հավաքել այդպիսի տվյալներ, որից հետո՝ պարբերաբար ՀՀ-ից մեկնել է Վրաստան և ինչպես Ադրբեջանի դեսպանատան տարածքում, այնպես էլ դրանից դուրս ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին մաս-մաս հանձնել է կամ հայտնել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները։

Նա անձամբ մեկնել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանատուն, քողարկել իր արտաքինը, դեսպանատան շենքում հանդիպել հատուկ ծառայությունների աշխատակիցներին և նրանց փոխանցել իրենից պահանջված և իր կողմից հավաքած պետական, ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները:

Պարզվել է նաև, որ նույն անձը, գործելով կազմակերպված խմբի կազմում, ապօրինի զբաղվել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնավորապես ընկերոջ հետ միասին ձեռք է բերել և ՀՀ ներմուծել ռազմական նշանակության ապրանք հանդիսացող 200-ից ավելի տանկային ականջակալ-սաղավարտներ, որոնք վաճառել է օտարերկրյա պետության քաղաքացուն և ստացել 7,466,505 դրամ հասույթ՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Վերոնշյալից բացի, այդ անձն ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և մինչև 2020-ի հունիսի 3-ը ներառյալ իրեն պատկանող առանձնատանը ապօրինի պահել է դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և այլ զենքերից ու ատրճանակներից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող ավելի քան 1000 հատ մարտական փամփուշտներ, «Ֆ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, մարտական պայ­թուցիչ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---