Փաշինյան․ Ադրբեջանցիները կեղծ քարտեզով են Սյունիք եկել

Փաշինյան․ Ադրբեջանցիները կեղծ քարտեզով են Սյունիք եկել

PanARMENIAN.Net - Կառավարության նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ դրան պետք է շատ լուրջ վերաբերվել, քանի որ գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ։

«Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինուժը սադրիչ գործողություն է իրականացրել և հատել է ՀՀ պետական սահմանը Սև լճի հատվածում։ Երեկվանից իրադրության էական փոփոխություն չի եղել և իրադրությունը շարունակում է մնալ նույնը՝ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, նաև մեծ թվով մեր զինվորների ներկայություն կա»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը։

Նա տեղեկացրել է նաև, որ իրավիճակը ռազմական սրացման չի հասել, փոխհրաձգություն և բախում չկա։

Նա նշել է, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս:

Առանձին քննարկման խնդիր է, թե ինչպես են ադրբեջանցիները միջդիրքային տարածքներով հասել Սև լիճ։

Փաշինյանը նշել է, որ այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել, քանի որ «գործ ունենք ճգնաժամի հետ», որը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ։ Մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը հետ քաշվեն ելման դիրքեր, և ՀՀ ինքնիշխան տարածքն անձեռնմխելի մնա։

Փաշինյանը հայտարարել է նաև, որ տեղում ընթանում է աշխատանք, կառավարության նիստից հետո կլինի ԱԽ նիստ և կկայացվեն անհրաժեշտ որոշումներ։

Փաշինյանի գլխավորությամբ մայիսի 12-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, քննարկվել են Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում ստեղծված իրավիճակը և հետագա քայլերը: Փաշինյանը վիճակը նախաճգնաժամային է որակել, եթե ոչ ճգնաժամային, և ասել, որ ՀՀ-ն չի կարող դա հանդուրժել։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը, անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Սյունիքում պետական սահմանը խախտելու մասին շրջանառվող լուրերին, հաստատել է, որ ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Գորիսի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանն էլ հայտնել է, որ Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս 3 կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր ու հարյուրներով շարված են։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---