ՀԱՊԿ-ը հետևում է զարգացումներին Սյունիքում․ Անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն

ՀԱՊԿ-ը հետևում է զարգացումներին Սյունիքում․ Անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովի ելույթից հետո, հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ։

«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը ՀՀ Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում։ Ըստ իրավիճակի զարգացման, անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ կանոնադրությամբ և Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներով նախատեսված գործողություններ կձեռնարկվեն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ մայիսի 13-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը։

«Ըստ հայկական կողմի, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և մի քանի կիլոմետրով խորացել դեպի հայկական տարածք»,-ասվում է ՀԱՊԿ հաղորդագրության մեջ։

Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի սադրանքն ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---