Երեւանում Ջոն Նելսոնի ղեկավարությամբ կկատարվի Բեթհովենի «Հանդիսավոր պատարագը»

PanARMENIAN.Net - Հանրահայտ ամերիկացի դիրիժոր Ջոն Նելսոնը երկրորդ անգամ է այցելում Հայաստան: Այս անգամ դիրիժորին հրավիրել են Երեւան Բեթհովենի «Հանդիսավոր պատարագի» կատարման համար, որը կհնչի մարտի 13-ին Արամ Խաչատուրյանի անվան Ֆիլհարմոնիայի պետական դահլիճում: Կատարումը կուղեկցվի երեք խոշորագույն հայկական երգչախմբերի` «Հովեր», Հայաստանի պետական կամերային եւ Երեւանի պետական երգչախմբերի ելույթով, որոնց կնվագակցի Հայաստանի Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը:



Ամենաբարդ դասական ստեղծագործություններից մեկի` «Հանդիսավոր պատարագի» կատարման փորձերը տեւեցին շուրջ երկու շաբաթ, իսկ Ջոն Նելսոնի հետ ընդամենը երեք օր է փորձ անցկացվել: Համեմատության համար Ռոբերտ Մլքեյանն ասաց, որ Հերբերտ ֆոն Կարայանը Բեռլինի սիմֆոնիկ նվագախմբի հետ փորձեր է արել շուրջ չորս ամիս: Ըստ մենակատարների, չնայած Նելսոնի հետ փորձերի քիչ քանակին, երեք օրվա ընթացքում նրանք ավելի շատ փորձ ձեռք բերեցին, քան մասնակցելով վարպետության դասերին:



«Հայաստանը փոքր, բայց հպարտ երկիր է: Երբեմն ես ինձ այնքան էլ հարմարավետ չեմ զգում Հայաստանում, քանի որ այստեղ ուժեղ է պայքարի ոգին, որի պատճառներն այս հինավուրց երկրի պատմության խորքից են գալիս»,- Հայաստանի մասին իր տպավորություններն է կիսել Ջոն Նելսոնը մարտի 12-ին կայացած մամլո ասուլիսում: Նա նաեւ հավելել է, որ փորձերի ժամանակ, երբ նրան դուր չեկավ երգչախմբերի կատարումը, նա խնդրեց երգիչներին պատկերացնել, որ իրենք կանգնած են Արարատի գագաթին եւ երգում են ողջ աշխարհի համար: Եվ դրանից հետո նա զգաց, թե ինչպես նրանց մեջ արթնացավ պայքարի ոգին եւ հաջողվեց ստանալ անհրաժեշտ հնչեղությունը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---