14 մայիսի 2021 - 12:17 AMT
ԲՀԿ-ն ԱԺ արտահերթ է նախաձեռնում՝ Սյունիքում իրավիճակը քննարկելու

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը մայիսի 14-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել՝ հրատապ քննարկելու Սյունիքի և մյուս մարզերի սահմանամերձ տարածքներում տիրող իրավիճակը: Այդ մասին ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Դա շատ կարևոր է, հապաղել չի կարելի: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը: Հիշու՞մ եք, մի քանի ամիս առաջ մենք զգուշացրել էինք, որ ձյան հալոցքի հետ ադրբեջանցիները փորձելու են առաջ գալ, հատկապես նշել էինք Ծղուկ լեռան և մյուս տարածքների մասին:

Վերոնշյալ հատվածից մինչև Երևան-Սիսիան-Գորիս միջպետական մայրուղի ընդամենը 11 կմ է: Նորից եմ շեշտում, հապաղել չի կարելի: Անհրաժեշտ են հրատապ լուծումներ», - ասվում է գրառման մեջ:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն հայտարարել է, որ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ դիմելու համար։