Ավինյան․ Պետք է պատրաստ լինել հնարավոր վատ զարգացումներին և մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը

Ավինյան․ Պետք է պատրաստ լինել հնարավոր վատ զարգացումներին և մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Սյունիքում ասել է, որ բանակցություններն ընթանում են, սակայն նշել է, որ պետք է պատրաստ լինել հնարավոր վատ զարգացումներին ու նաև պատրաստ լինել մեր ինքնիշխան տարածքի պաշտպանությանը։

«Այնուամենայնիվ, այս փուլում դեռևս վերջնական արդյունքներ չունենք, ես համոզված եմ, որ այս կամ այն կերպ մենք հանգուցալուծման հասնելու ենք, որովհետև սա շատ հստակ է, որ ադրբեջանական զինված ուժերն անցել են Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը»,-ասել է նա, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ավինյանը հավելել է, որ հայկական կողմը ցանկանում է խաղաղ ձևով հանգուցալուծել իրավիճակն ու պատրաստ է հանգիստ ու հանդարտ ռեժիմով քննարկումներ իրականացնել։

«Վատ սցենարի դեպքում ակնկալում ենք մեր դաշնակիցների աջակցությունը, բայց ես հուսով եմ, որ մենք որևէ վատ սցենարներ չենք ունենա այստեղ ու բանակցությունների միջոցով բոլոր հարցերը կլուծվեն», - նշել է նա։

Փոխվարչապետի պաշտոնակատարն ասել է, թե ադրբեջանական կողմը ցույց է տալիս քարտեզներ, որոնք անհայտ ծագման են ու որևէ աղերս չունեն իրականության հետ։

«Փաստացի, կարելի է ասել այդ քարտեզների հիմքով են նրանց սահմանապահ զորքերն առաջ եկել, բայց, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում է խաղաղ կարգավորմանն ուղղված իր ջանքերը, ըստ իրենց՝ իրենք որևէ քայլ չեն ձեռնարկում հետագա լարումն ավելի խորացնելու համար։ Բայց ես կրկնում եմ՝ մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին ու երեկվա ԱԽ նիստն ու մեր դիմումը ՀԱՊԿ-ին նմանատիպ սցենարների հնարավոր զարգացման կանխարգելման մեխանիզմ է», - ասել է նա։

Ավինյանը նշել է, որ ճգնաժամի կառավարման կետով են դիմել ՀԱՊԿ հետագա հնարավոր խորացումից խուսափելու համար։

Նա ասել է, թե շատ կարևոր է յուրաքանչյուր իրավիճակին ադեկվատ ռեակցիա տալ ու մի փոքր չչափազանցնել իրողությունը։

«Մինչ այս պահը մենք մեր գործողություններում եղել ենք համարժեք», - ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը։

Ավինյանը հաստատել է նաև, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։«Եռօրյա ժամկետ կա, ընթացակարգի մասին պաշտպանության նախարարությունն ու Արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես տեղյակ կպահեն»։

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն հայտարարել է, որ դիմում է ՀԱՊԿ-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---