Սիմոնյան. Փաշինյանը ռազմական օգնության հարցով դիմել է Պուտինին

Սիմոնյան. Փաշինյանը ռազմական օգնության հարցով դիմել է Պուտինին

PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ փոխհամաձայնության պայմանագրի շրջանակում, ինչպես նաև ռազմական օգնության հարցով։

«Մենք սպասում էինք, որ ադրբեջանական զորքերը հետ կգնան, սակայն այսօր տեղաշարժ չկա, ուստի Նիկոլ Փաշինյանը դիմել է Ռուսաստանին՝ մեր պայմանագրի շրջանակում օգնության հարցով»,- ասել է Սիմոնյանը, գրում է «Փաստինֆոն»:

Նա հիշեցրել է, որ ՀՀ-ն նաև պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին՝ փաստաթղթերը մուտք են արվում ՀԱՊԿ-ի համապատասխան խողովակներով։

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ասել, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ այս պահին նման բան ասել չի կարելի, քանի որ որևէ կրակոց և ընդհարում չի եղել։

«Տարբեր տեղաշարժեր տեղի են ունենում նաև այնտեղ, և այս պահին նման հայտարարություն անելն անընդունելի է»,- ասել է նա։

Իսկ ստեղծված իրավիճակի պատճառով ընտրությունների չեղարկման հավանականության մասին հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «Նման հարց այս պահին չի քննարկվում: Կա շատ ավելի կարևոր հարց, որն այս պահին արագ լուծման և արձագանքման կարիք ունի»:

Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դա որակել է որպես դիվերսիոն անցում, նշել, որ իրավիճակը մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային, և հայտարարել, որ ՀՀ-ն չի կարող նման վիճակ հանդուրժել։

Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Բանակցություններն արդյունք չեն տվել։ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին։

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---