12 մարտի 2009 - 22:23 AMT
ՀՀ ոստիկանություն. Մարտի 1-ի իրադարձություններն Երեւանում այլեւս չեն կրկնվի
Ոստիկանության Երեւանի քաղաքային վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանն այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է, որ լուրերն այն մասին թե թաղայինները շրջել են տներով եւ զգուշացրել են մարդկանց, որ չմասնակցեն հանրահավաքներին, չեն համապատասխանում իրականությանը: Ներսես Նազարյանը չի հաստատել նաեւ այն լուրը, թե մարտի 1-ին ոստիկանությունը փակել էր Երեւան տանող ճանապարհները` թույլ չտալով մարզերի բնակիչներին մասնակցել ՀԱԿ-ի հանրահավաքին:

Լրագրողներից ոմանք պնդում էին, թե սեփական աչքերով են տեսել փակված ճանապարհները: Այս առնչությամբ Ներսես Նազարյանը խոստովանել է, որ ոստիկանության պահակախմբեր ճանապարհներին այնուամենայնիվ եղել են, սակայն չեն խանգարել մարդկանց մասնակցել հանրահավաքին, այլ միջոցներ են ձեռնարկել հնարավոր սադրիչներին հայտնաբերելու ուղղությամբ:

«Վերջին հանրահավաքը ցույց տվեց, որ ամեն ինչ նորմալ է եւ այլեւս հարկ չկա մտահոգվել մարդկանց կուտակումների պատճառով»,-նշել է Ներսես Նազարյանն` ընդգծելով, որ հարաբերությունները իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխվել են: Նրա խոսքերով, հանրահավաքների մասնակիցները համաձայնեցնում են իրենց գործողություններն ոստիկանության հետ եւ ոստիկանության խոնդիրն է թույլ չտալ նոր սադրանքներ: «Մարտի 1 այլեւս չի լինելու, մոռացեք դրա մասին»,-կոչ է արել Ներսես Նազարյանը` հավելելով, որ ոստիկանությունն ուսումնասիրել է մարտի 1-ի իրադարձությունները եւ համապատասխան եզրակացություններ արել: