13 մարտի 2009 - 13:13 AMT
Մահմուդ Ահմադինեժադը Սերգեյ Սարգսյանին հրավիրել է Իրան
Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ բարեկամության վրա, ինչը բարենպաստ հիմք է ստեղծում երկկողմ համագործակցության զարգացման համար: Այդ մասին Երեւանում ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարար Մանուչեր Մոթաքին: «Վերջին 4 տարվա ընթացքում սա իմ չորրորդ այցն է Հայաստան: Մենք ուշադրությունը կենտրոնացնում ենք տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ բնագավառներում համագործակցության վրա», - հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նա ընդգծել է, որ Թեհրանը բավարարված է հայ-իրանական հարաբերությունների ներկա մակարդակով, ավելացնելով, որ գոյություն ունի երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժ, որն անհրաժեշտ է օգտագործել: «Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում ես հաստատել եմ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` մեր երկիր այցելելու Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանին ուղված հրավերը: Հուսով եմ, որ այդ այցը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների ընդլայնման եւ ամրապնդման համար», - նշել է Մանուչեր Մոթաքին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր հերթին նշել է, որ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ հարաբերություններին առնչվող, այնպես էլ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ: «Մենք իմ իրանցի գործընկերոջ հետ քննարկել ենք տնտեսական համագործակցության ընդլայնման հարցերն ու Թեհրանում կայացած միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները: Շոշափվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը», - ասել է Էդվարդ Նալբանդյանը: