11 հուլիսի 2002 - 23:00 AMT
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԿԻՐՈՎՈԳՐԱԴԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է ՉՈՐՍ ՀԱՅ
Հուլիսի 8-ի երեկոյան Ուկրաինայի Կիրովոգրադի տարածքում փոխհրաձգության արդյունքում զոհվել են չորս եւ վիրավորվել ազգությամբ հայ նույնքան քաղաքացիներ: Ինչպես հաղորդում է «ՈՒՆԻԱՆ» գործակալությունը, վկայակոչելով Ուկրաինայի ՆԳՆ-ն, փոխհրաձգության պատճառ է հանդիսացել վեճը երկու ձեռներեցների միջեւ, որոնք ձգտում էին Զնամենսկ քաղաքում ճանապարհների ասֆալտապատման կապալ ստանալ: Մրցույթի արդյունքում հաղթել էր ձեռներեցներից մեկը, ինչը դուր չէր եկել նրա մրցակցին, որը եւ հանգեցրել է ընդհարման: Հուլիսի 8-ին 23.00 Սուբոտցի գյուղի մոտ կայացած մրցակիցների հանդիպումը ավարտվել է վեճով, իսկ հետագայում նաեւ փոխհրաձգությամբ: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հանդիպման երկու մասնակիցների: Ձեռներեցները, որոնց պատճառով տեղի է ունեցել ընդհարումը, գտնվում են հետախուզման մեջ: Հրազենային վնասվածքներով բժշկական հիմնարկներ են հասցվել Ուկրաինայում բնակվող հայկական ծագում ունեցող ութ մարդ: Վիրավորներից չորսը մահացել են հիվանդանոցում: Այդ կապակցությամբ Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը դիմել է հայկական ԶԼՄ-ներին` խնդրելով ձեռնպահ մնալ միջադեպի պատճառների մասին չստուգված տեղեկատվության տարածումից: «Նման տեղեկատվությունը կարող է վնաս հասցնել հայ եւ ուկրաինացի ժողովրդների ավանդաբար բարեկամական հարաբերություններին»,- ասվում է մամլո հաղորդագրության մեջ: