Գիշերը Բաղրամյան պողոտայից բերման էր ենթարկվել 9 մարդ

Գիշերը Բաղրամյան պողոտայից բերման էր ենթարկվել 9 մարդ

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ի ուշ երեկոյան ոստիկանական ուժերը բերման են ենթարկել ստորագրվելիք նոր եռակողմ փաստաթղթի դեմ բողոքի ակցիայի շրջանակում Բաղրամյան պողոտան փակած ցուցարարներից մի քանիսին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ կառավարության շենքի դիմաց հավաքված բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվել էին դեպի ԱԺ և փակել Բաղրամյան պողոտան ու Դեմիրճյան փողոցը, որպեսզի փակեն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու պատգամավորների ճանապարհը և ստանան իրենց հուզող հարցերի պատասխանը։

Ոստիկանները մոտեցել են ակցիայի մասնակիցներին, պահանջել, որ նրանք բացեն փողոցը, այնուհետև սկսել են բերման ենթարկել նրանց։ Բերման ենթարկվածների թվում էր նաև «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը։

Ժամը 22։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 9 քաղաքացի`Վարչական իրավախախումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու) հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Նրանց բոլորին ավելի ուշ ազատ են արձակել։

Մայիսի 20-ի կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համացանցում հրապարակած փաստաթղթին, հաստատել է, որ պատրաստվում է նոր փաստաթուղթ ստորագրել։ «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, 100 տոկոսով համապատասխանում են ՀՀ շահերին և այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», -ասել է նա։

Ավելի վաղ Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ոչ հայանպաստ նոր փաստաթուղթ է ստորագրելու և հրապարակել էր առաջին երկու պարբերությունները։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---